չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ուզում եմ հանդիպել «Եռաբլուրում» տեղի ունեցած միջադեպի մասնակից ծնողներին. ՆԳ նախարար

Ուզում եմ հանդիպել «Եռաբլուրում» տեղի ունեցած միջադեպի մասնակից ծնողներին. ՆԳ նախարար

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանձնարարական է տվել մոտ ժամանակներս հանդիպում կազմակերպել զոհված զինծառայողների ծնողների հետ, որոնց նկատմամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողները բիրտ ուժ էին կիրառել։
 
Այս մասին Ղազարյանը հայտարարեց 2023 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 21-ին` ՀՀ Անկախության օրը, երբ զոհվածների ծնողները Եռաբլուր էին գնացել, որ արգելեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։
 
«Իրոք, ցավում եմ «Եռաբլուրում» զոհված զինծառայողների մայերերի հետ կատարվածի համար։ Հանձնարարել եմ, և մոտ ժամանակներս, հնարավորության դեպքում ուզում եմ հանդիպում կազմակերպել մեր զոհված զինծառայողների ծնողների հետ, որոնք այդ օրը մասնակից են եղել միջադեպին»,– նշեց Ղազարյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին ոստիկանության աշխատակիցները ծնողների մի մասին բերման էին ենթարկել, դեպքի առնչությամբ քրեական վարույթ էր հարուցվել. մինչ օրս որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել։

  • Կիսվել: