երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տպավորություն ունեմ, որ դատական գործընթացները կարող են 25 տարի տևել․ վարչապետը դժգոհ է կոռուպցիոն գործերի ընթացքից

Տպավորություն ունեմ, որ դատական գործընթացները կարող են 25 տարի տևել․ վարչապետը դժգոհ է կոռուպցիոն գործերի ընթացքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դժգոհությունը հայտնեց կոռուպցիոն գործերով դատական գործընթացների վերաբերյալ։ Կառավարության նիստի ժամանակ վարչապետը նշեց, որ գործադիր իշխանության համար սկզբունքային է եղել, որ գործընթացները լինեն դե յուրե հիմնավորված և օրենքին համապատասխան։

«Այս ընթացքում մենք շատ մեծ աշխատանք ենք կատարել և նաև էական բարեփոխումներ ենք մտցրել դատաիրավական համակարգում, այդ թվում՝ հիշեցնեմ, որ ձևավորվել է Հակակոռուպցիոն կոմիտե, բարձրացվել են աշխատավարձերը քննչական կոմիտեում, դատախազությունում, դատական համակարգում, ձևավորվել են նոր դատական կարողություններ, բայց երբ փորձ ենք անում այս ամենը վերլուծել, տեսնում ենք, որ կան պրոցեսներ, բայց չկան արդյունքներ։ Ունենք շատ հայտնի կոռուպցիոն գործեր, որոնք գտնվում են դատական գործընթացի մեջ, և տպավորություն ունեմ, որ այդ գործերը կարող են 25 տարի տևել։ Սա մեծ խնդիր է»,- ընդգծեց վարչապետը։

Նրա խոսքով՝ մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ, այնուամենայնիվ, կառավարությունը ինչ-որ կուլիսային գործարքների մեջ է, որի արդյունքում այս բոլոր ձգձգումները լինում են։

«Ուզում եմ արձանագրել, որ մենք ոչ մի գործարքի մեջ չենք, բայց մյուս կողմից էլ մենք պետության ինստիտուցիոնալ կայացումը շատ կարևոր ենք համարում և կարևոր ենք համարում, որ ամեն ինչ տեղի ունենա իրավական ընթացակարգերով։ Բայց չենք կարող մեր դժգոհությունը չարտահայտել այն փաստի վերաբերյալ, որ գործեր կան, որ անհասկանալի է, թե ինչպես կարող են այդքան ձգձգվել»,- ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: