Թովմասյանը որոշել է, որ խրամատ է պահում և մինչև 70 տարեկանը պիտի լինի ՍԴ նախագահ. Իգիթյան
Հեռացածներից ցանկացածը փնտրում է իր համար դաշտ։ Դաշտ փնտրելու ժամանակ ամեն ինչ կարող է լինել, և պետք է այդ հանգամանքը հաշվի առնենք, ես այդքանը կարող եմ ասել, որովհետև այլ մանրամասներ չգիտեմ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարություններին։
Նա անդրադարձավ ՍԴ անդամներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին խնդրին և, պատասխանելով հարցին, թե ՍԴ ճգնաժամը լուծելու համար ինչ պետք է անեն իշխանությունները, եթե ՍԴ անդամները հրաժարվեն վաղ կենսաթոշակի գնալ, ասաց. «Տարբեր մոտեցումներ կան, իմ եվրոպացի գործընկերներից մեկի փաստարկն ասեմ՝ նախկին համակարգով այս մարդիկ ընտրվում էին ՍԴ անդամ կամ նախագահ մինչև բարձր տարիքը, իսկ հիմա եթե դառնում են դատավոր 12 տարով են պաշտոնավարում, իսկ նախագահը՝ 6, մարդասիրական առումով է հարցը։
ՍԴ անդամների նախկին անդմաների հարցը մնում է օրակարգային, անկախ նրանից մի քանի հոգի կգրեն և կգնան վաղ կենսաթոշակի, թե ոչ, մենք պետք է լուծենք և կլուծենք օրենքի շրջանակներում»։
Իգիթյանի խոսքով՝ այսօրվա ՍԴ-ի կառուցվածքը, մոդելը և աշխատաոճը չեն համապատասխանում այն սահմանադրությանը, որ իրենք գրել են։ «Նույն Հրայր Թովմասյանն իր ձեռքով գրել է, որ ՍԴ դատավորն ընտրվում է 12 տարով և միայն 6 տարի կարող է լինել ՍԴ նախագահ։ Այսօր խախտվել է ՍԴ դատավորների իրավունքը՝ դառնալու ՍԴ նախագահ։ Բայց Հրայր Թովմասյանը որոշել է, որ խրամատ է պահում և մինչև 70 տարեկանը պետք է լինի նախագահ»,-ասաց նա: