ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան

Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան

Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին որևէ հիմնավորում չի ներկայացվում: Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ ՄԻՊ-ի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանում անազատության մեջ գտնվող անձանց 50 տոկոսը կալանավորված է:

Նկատելով, որ իշխանությունները հայտարարում են, թե Հայաստանում չկան քաղաքական կալանավորներ՝  Մինասյանը դիմեց ՔՊ-ական պատգամավորներին և նշեց, որ հնարավոր չէ հիշել մի երկիր, որի իշխանությունը հայտարարի, թե իր մոտ քաղբանտարկյալներ կան:

«Իշխանությունը միշտ փորձում է հերքել, հակառակը պնդել, բայց իրականությունն այլ է՝ Արմեն Աշոտյան, Մամիկոն Ասլանյան, Վազգեն Սաղաթելյան, Մարեկ Մալյան, Նարեկ Սամսոնյան, հիմա էլ գումարվեցին Տավուշի շարժման մասով կալանավորված անձինք»,-ասաց ընդդիմադիր նպատգամավորը։

Նա հիշեցրեց, դեպքը, երբ Տավուշում ԵԿՄ ամենագնաց մեքենան մխրճվում է քաղաքացիների մեջ՝ նշելով. «Երբ  անկողմնակալ դիտորդի կարգավիճակում հայտնված ոստիկանների հայացքի ներքո մեքենան մխրճվում է քաղաքացիների մեջ, Արմեն Ալավերդյանը բռունցքով մեկ անգամ հարվածում է մեքենայի դիմացի հատվածին: Քննիչը ներկայացնում է երկու ամսով կալանավորման պահանջ, դատարանը «լավություն է անում» ու մեկ ամիս է տալիս: Արմեն Ալավերդյանը, որ իր խնամքի տակ ունի անչափահաս երեխաներ, հաշմանդամ հայր, որը հայրենիքի պաշտպանության համար է ստացել այդ հաշմանդամությունը, բացի այն, որ այդ արարքում հանցակազմ չկա, ուղղակի աբսուրդ է նման հիմքով անձին կալանքի տակ պահել:

Երկրորդ դրվագը Հովհաննես Ղուկասյանի մասին է, ով բանակ է զորակոչվել 2020-ին եւ անմիջապես սկսվել է 44-օրյա պատերազմը: Նա դիպուկահար է եւ մասնակցել է մարտական գործողությունների: հովհաննեսը զորացրվելուց հետո նորից ներգրավվել է ծառայության մեջ: Նրան առաջադրվել է մեղադրանք, որ երկու անգամ է նույն տեղին խփել: Իրեն էլ են կալանավորել մեկ ամսով»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնելով, որ ՄԻՊ-ն իր զեկույցում նշել է Տավուշում էմոցիոնալ բարձր ֆոնի մասին և անդրադառնալով ԵԿՄ մեքենայի հետ տեղի ունեցած միջադեպը, որը կանխած և կալանավորված երիտասարդը պատերազմի մասնակից է և դրա արդյունքում էմոցիոնալ խնդիրներ ունի՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Փոխանակ պետությունն իր սուրբ պարտականությունը կատարի, և հոգեբանական աջակցություն մատուցի  հատկապես այն մարդկանք, ովքեր 18 տարեկանում զորակոչվել են և անմիջապես մտել են մարտական գործողությունների, իր պարտականությունը թողած՝ մեղադրանքներ է ներկայացնում երիտասարդին, որը կատարել է նույնիսկ ոստիկանության պարտականությունը, չի թողել, որ մարդկանց այդ մեքենան վրաերթի ենթարկի։ Սա՞ է մեծամասնության կողմից հիմնավորված իրավաչափ կալանավորման դեպքը»։

  • Կիսվել: