շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տելեգրամյան ալիքներով իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության նոր դեպքեր են բացահայտվել․ երեք անձ կալանավորվել է

Տելեգրամյան ալիքներով իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության նոր դեպքեր են բացահայտվել․ երեք անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժիններում քննվող երկու տարբեր քրեական վարույթների շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են տելեգրամյան ալիքներով իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:
 
«Մասնավորապես, 2024թ․ մարտի 15-ին ստացված տեղեկատվության իրացման արդյունքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Երևան քաղաքի Արամի 103 հասցեի հարակից ապօրինի տարածքից թմրանյութ պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և քննչական բաժին են ներկայացվել «Հունդայ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորուհին:
 
ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված խուզարկությունների արդյունքում հիշյալ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով լցված փաթեթներ, ապակյա տարա՝ լցված դեղնավուն հեղուկ զանգվածով, բազմաթիվ վճարման անդորագրեր, նոթատետր, որի մեջ եղել են գրառումներ՝ տարածաշրջանների, քաշերի, քանակների և գումարների վերաբերյալ։
 
Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղևորուհին, նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով և շահադիտական դրդումներով, ապօրինի ձեռք են բերել և իրացնելու նպատակով «Հունդայ» մակնիշի ավտոմեքենայում ապօրինի պահել ընդհանուր 45 փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով և 1 հատ տարա՝ լցված դեղնավուն զանգվածով։ Փաթեթներից մեկը հայտնաբերվել է ավտոմեքենայի ուղևորուհու անձնական խուզարկությամբ, իսկ մնացած՝ 44–ը և դեղնավուն զանգվածով լցված տարան, հայտնաբերվել են հիշյալ ավտոմեքենայում:
 
Նշանակված փորձաքննությամբ հաստատվել է, որ փորձաքննության ներկայացված նմուշները «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց են, մնացած մասով եզրակացությունը դեռևս չի ստացվել։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերոնշյալ անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։
 
Մյուս քրեական վարույթով ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2024թ․ մարտի 16-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Դալմայի այգիներ կոչվող տարածքի մոտից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, իրացնելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել են 30-ամյա մի տղամարդու, ով Կոտայքի մարզի բնակիչ է։
 
Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 14 փաթեթներում առանձնացված, ընդհանուր 6 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, բժշկական մեկ կաթոցիչ՝ մոխրացած հետքերով։
 
Քրեական վարույթի շրջանակներում նշանակված փորձաքննությամբ պարզվել է, որ հայտնաբերված զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է։
 
Քննությամբ նախնական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ տղամարդը նշված թմրամիջոցը ապօրինի ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով՝ քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված անձից և այն պահել, տեղափոխել՝ հետագա իրացման նպատակով։
30-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով։
 
Երկու քրեական վարույթներով միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 3 մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց՝ մասնավորապես թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրները և դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: