Տելեգրամով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ մեկ անձ կալանավորվել է
2024թ. ապրիլի 1-ին՝ ժամը 15:45-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու, իրացնելու ակնհայտորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցից ձերբակալվել և ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել 51-ամյա տղամարդ: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված 51 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը, նախնական տվյալներով, կազմել է 146.68 գրամ:
Դեպքի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ տղամարդը իրացնելու նպատակով նշված զանգվածները, համապատասխան համակարգչային ծրագրի միջոցով, կրիպրոարժութային հաշվին գումարներ վճարելով, ձեռք է բերել՝ տելեգրամ ալիքի միջոցով ստանալով դրանց գտնվելու վայրի մասին տվյալները։ Ապա թմրամիջոցի փաթեթների մի մասը տեղադրել է Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում և տեղադրման վայրերի լուսանկարները և համապատասխան կոորդինատներն ուղարկել է նշված տելեգրամյան ալիքին՝ յուրաքանչյուր տեղադրված փաթեթի համար էլեկտրոնային դրամապանակի կամ վճարային տերմինալների միջոցով ստանալով վարձատրություն։
Հիշյալ փաթեթների պարունակությունն ու բաղադրությունը պարզելու նպատակով նշանակված փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված մի քանի փաթեթներից 12-ում առկա զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 51-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով։
Դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ նշված սխեմայով այլ անձանց կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու, վերոհիշյալ տելեգրամյան ալիքի օգտատիրոջ (օգտատերերի), ինչպես նաև՝ հանցավոր շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց առկայությունն ու ինքնությունը պարզելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: