կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ճանապարհային երթևեկության բոնուսային նոր համակարգն ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից. ինչ փոփոխություններ են արվել նախագծում

Ճանապարհային երթևեկության բոնուսային նոր համակարգն ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից. ինչ փոփոխություններ են արվել նախագծում

Առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում նախագծերի փաթեթը քննարկելուց հետո որոշում է կայացվել, որ ճանապարհային երթևեկության խախտման բնագավառում քաղաքացիների համար նախատեսված բոնուսային նոր համակարգն ուժի մեջ է մտնելու այս տարվա մայիսի 1-ից նախկին հուլիսի 1-ի փոխարեն: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետրվարի 27-ի նիստին ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Բոնուսային նոր համակարգը վերաբերում էր տեսալուսանկարահանման սարքերի միջոցով իրականացվող խախտումներին, որոնց մասով որոշումներն էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում քաղաքացին տուգանքը կարող է վճարել 20 տոկոսով քիչ:

«Երկրորդ կանոնը, որը վերաբերում էր, անկախ էլեկտրոնային ծանուցումից, 15-օրյա ժամկետում 30 տոկոսը վճարելուն, այս կանոնն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

Նշեմ, որ այս բոլոր փոփոխությունները վերաբերում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրականացված վարչական իրավախախտումներին: Իսկ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը առկա իրավախախտումների մասով ևս նախատեսված է համահարթեցման որոշակի կառուցակարգ, այն է՝ եթե մեր քաղաքացիները վճարեն առկա պարտավորության 50 տոկոսը, պլյուս եթե գործը գտնվում է Հարկադիր կատարման ծառայությունում՝ նաև կատարողական ծախսը, ապա այս դեպքում ևս ամբողջությամբ պարտավորությունը կհամարվի կատարված»,- ասաց նա և հավելեց, որ սա անվերջ տևող բոնուսային մեխանիզմ չէ, և որ քաղաքացիներն այս կառուցակարգից կարող են օգտվել օրենքն ուժի մեջ մտնելուց 3 ամսվա ընթացքում:

Բալային համակարգին անդրադառնալով՝ Արփինե Սարգսյանը նշեց, որ խստացումները, որոնք նախանշվել էին, դուրս են բերվել երկրորդ ընթերցմանն ընդառաջ, և ըստ այդմ՝ բալային համակարգում մնացել է 2 փոփոխություն:

«Առաջարկում ենք կողային ապակիների լուսաթափանցելիության դեպքում, եթե արարքը 1 տարվա ընթացքում կատարվում է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, ապա այս դեպքում նախատեսել տուգանք նվազագույն աշխատավարձի 29-ապատիկի չափով և տուգանային միավորի կիրառում՝ 2 միավոր: Այսինքն՝ առաջին դեպքում որևէ բալային համակարգ չենք կիրառում, բայց երկրորդ անգամ, հաշվի առնելով մեր չարամիտ վարքագիծը՝ կանոնին չհետևելու, նախատեսվում է միանգամից երկու բալ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է երկրորդ գիծ կանգնելուն, ապա 0,5 տուգանային միավորը կդառնա 0,25 տուգանային միավոր:

Արփինե Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ ընդունվել են «Հայաստան» խմբակցության բոլոր առաջարկները, որին միացել են նաև հանձնաժողովի անդամները: Դրանք վերաբերում են 2 խումբ հարցերի. մի դեպքում նախատեսվում էր, որ եթե Ոստիկանությունը կազմում էր արձանագրություն, այն պետք է հաստատվի Վարչական դատարանի կողմից և նրա կողմից էլ նշանակվի տուգանք, այս դեպքում նախատեսվում էր փոխել մեխանիզմը, ըստ որի՝ ակտը կարող էր կայացվել Ոստիկանության կողմից:

«Սա հանել ենք փաթեթից, բայց ոչ առաջարկների հիմնավորմամբ, որը ներկայացված էր:

Հարգելի՛ գործընկերներ, մենք այս գաղափարից չենք հրաժարվելու, պարզապես, խուսափելով հատվածային լուծումներից, այս առաջարկը կբերի Կառավարությունը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» նոր օրենսգրքի շրջանակներում, և արձանագրության ամբողջ ինստիտուտն առաջարկելու ենք հանել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական դատարաններն այս դեպքում վերածվում են կլասիկ վարչական մարմինների և չեն լուծում հանրային իրավահարաբերութուններից ծագող որևէ վեճ»,- ասաց նա:

Ըստ Սարգսյանի՝ փաթեթից դուրս է բերվել նաև պետական տուրքի մասին առաջարկվող փոփոխությունը, որին ևս անդրադարձ է լինելու ընդհանուր պետտուրքերի վերանայման տրամաբանության մեջ, որպեսզի հնարավոր լինի խուսափել «անհիմն» հայցապահանջներ ներկայացնելուց:

Վարչարարության պարզեցման և այս խումբ գործերով դատավորների կողմից գրավոր ընթացակարգ կիրառելու ընթացակարգերն ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ից:

  • Կիսվել: