կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սնանկության կառավարիչ դառնալու ցանկություն ունեցողներն ուսուցում կանցնեն

Սնանկության կառավարիչ դառնալու ցանկություն ունեցողներն ուսուցում կանցնեն

Սնանկության ոլորտում կատարված օրենսդրական բարեփոխումների շրջանակում՝ որպես սնանկության գործով կառավարիչ որակավորվել ցանկացող անձանց ներկայացվող պահանջների շարքում, ավելացվել է նաև Արդարադատության նախարարի սահմանած կարգով համապատասխան ուսուցում անցած լինելու պահանջը:  

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հայտարարում է հավակնորդների ուսուցման դասընթացի ընդունելություն, որի ավարտին դասընթացի մասնակիցներին կշնորհվի վկայագիր՝ հնարավորություն տալով մասնակցելու սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգմանը:  

Ուսուցման դասընթացներին մասնակցելու համար հավակնորդը կազմակերպություն է ներկայացնում՝

1) դիմում, որը լրացվում է Կազմակերպությունում.

2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին).

3) կենսագրական տվյալները:

Հավակնորդները վերոնշյալ փաստաթղթերը կարող են ներկայացնել  2020 թվականի օգոստոսի 20-ից մինչև սույն թվականի սեպտեմբերի 2-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն (ընդմիջում՝ 13:00-ից մինչև 14:00-ն), Կազմակերպության վարչական շենք՝ ք. Երևան, Մ. Խորենացու 162ա հասցեով:

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումներով պայմանավորված՝ դասնթացներն իրականացվելու են հեռավար ուսուցման ձևով (ուսուցման կարգին համապատասխան):

Ուսուցման տևողությունը 100 ակադեմիական ժամ է (տե՛ս ուսուցման ծրագիրը), իսկ ուսուցման արժեքը կազմում է 144300 (մեկ հարյուր քառասունչորս հազար երեք հարյուր) ՀՀ դրամ: 

Ուսուցմանը մասնակցելու հավակնորդի դիմումը մերժվում է, եթե՝

1) հավակնորդի ներկայացրած փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

2) Հավակնորդը մինչև սույն թվականի սեպտեմբերի 2-ը ներառյալ չի ներկայացրել ուսուցմանը մասնակցելու համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:

Հավակնորդների ցուցակը կազմելուց հետո՝ կազմակերպությունը հավակնորդներին լրացուցիչ կտեղեկացնի այն մասին, որ՝

  • տեղեկացումը ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում հավակնորդները պետք է Կազմակերպության հետ ուսուցում անցնելու վերաբերյալ պայմանագիր կնքեն.
  • պայմանագրի կնքման փուլում հավակնորդը պարտավոր է ուսուցման կարգով նախատեսված պայմաններին համապատասխան վճարում կատարել դասընթացի հայտարարված արժեքի հիսուն տոկոսի չափով.
  • Պայմանագրի կնքման վերոնշյալ ժամկետի ավարտից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հաշվի առնելով պայմանագիր կնքած բոլոր հավակնորդների ընդհանուր թիվը, Կազմակերպության կողմից կկատարվի դասընթացի արժեքի վերահաշվարկ և յուրաքանչյուր հավակնորդի մասով դասընթացի վերջնական արժեքը որոշելուց հետո հավակնորդները կտեղեկացվեն դասընթացի վերջնական արժեքի, արդեն իսկ վճարված գումարի տարբերության չափով հավելյալ վճարում կատարելու անհրաժեշտության և վճարման չափի մասին.
  • Կազմակերպության տեղեկացումը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հավակնորդը պարտավոր է Կազմակերպության կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի վրա կատարել վերոնշյալ հաշվարկված հավելյալ վճարումը՝ վճարման անդորրագիրը ներկայացնելով Կազմակերպություն (տե՛ս ուսուցման կարգի 13-րդ և 13.1-րդ կետերը): 

Ուշադրություն՝ դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2020 թվականի սեպտեմբերի 2-ը ներառյալ:

  • Կիսվել: