շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՍԴ–ն որոշել է դիմել Վենետիկի հանձնաժողով՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հարցով կարծիք ստանալու նպատակով

ՍԴ–ն որոշել է դիմել Վենետիկի հանձնաժողով՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հարցով կարծիք ստանալու նպատակով

Սահմանադրական դատարանը որոշել է դիմել «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողով» (Վենետիկի հանձնաժողով), որպեսզի խորհրդատվական կարծիք ստանա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։

Բացի դրանից, ՍԴ նախագահ Արման Դիլանյանի որոշմամբ՝ կասեցվել է նույն օրենքի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա ՍԴ–ում քննվող գործի վարույթը՝ մինչև խորհրդատվական կարծիքն ստանալը։

ՍԴ–ն որոշել է Վենետիկի հանձնաժողով դիմել հետևյալ հարցերի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով.

1) արդյո՞ք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը համատեղելի է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտին առաջադրվող՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության եվրոպական կիրառելի ստանդարտներին, 3 2) արդար դատաքննության իրավունքի և իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության նպատակով ո՞րն է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման վարույթում կողմերի միջեւ ապացուցման բեռի արդարացի բաշխման և ապացուցման ստանդարտների հարցում համեմատական սահմանադրական իրավունքի դիտանկյունից «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովին» անդամակցող պետություններում լավագույն փորձը,

3) հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2020 թվականի մայիսի 23-ին, արդյո՞ք մինչև այդ ձեռքբերված գույքի ծագման օրինականությունն ապացուցելու դատավարական պարտականությունը համատեղելի է օրենքի հետադարձ կիրառության արգելքի վերաբերյալ եվրոպական հնարավոր ստանդարտների հետ,

4) արդյո՞ք մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ընթացակարգերի հարուցման և իրականացման համար «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով ամրագրված առավելագույն ժամկետի սահմանված չլինելը համատեղելի է իր գույքից օգտվելու իրավունքի պաշտպանության եվրոպական ստանդարտի հետ:

  • Կիսվել: