երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը: ԱԺ պատգամավորը Սահմանադրական դատարան է դիմել այս տարվա ապրիլի 1-ին:

Պատգամավոր Թագուհի Թովմասյանը ներկայացրել էր թիվ ՎԴ/5769/05/23 վարչական գործի դատավարական նախապատմությունը, նշել էր, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ չի նախատեսվում Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հետ կապված վեճերի վերաբերյալ գործերը վարչական դատարանին ընդդատյա լինելը:

Նրա պնդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման ընթացքում եւ դրա հետեւանքով կարող են խախտվել այդ պաշտոնն զբաղեցնող անձի՝ Սահմանադրության 49-րդ հոդվածով նախատեսված` հանրային ծառայության անցնելու եւ 50-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` լսված լինելու իրավունքները:

ՍԴ-ում վիճարկվող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասին տրվել է այնպիսի մեկնաբանություն, որով խաթարվել է Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքի բուն էությունը՝ սահմանափակելով սահմանափակման ոչ ենթակա այդ հիմնարար իրավունքը:

Թ. Թովմասյանի պնդմամբ՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ պետական քաղաքական պաշտոններ են համարվում միայն այն պաշտոնները, որոնք թվարկված են «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում, իսկ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնն այդ ցանկում ներառված չէ, ուստի՝ տվյալ վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասին:

ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ փաստել է՝ «վիճարկվող դրույթները Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական վերահսկողական առարկա չեն» եւ որ՝ «ենթադրյալ օրենսդրական բացի» առկայության պարագայում այդ բացի հաղթահարումը գտնվում է օրենսդրի հայեցողության տիրույթում։

  • Կիսվել: