կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Սա իշխանության ձեռագիրն է՝ մարդկանց օգտագործել եւ փչացնել»․ Չալաբյան

«Սա իշխանության ձեռագիրն է՝ մարդկանց օգտագործել եւ փչացնել»․ Չալաբյան

Մեր կարծիքով՝ Հայաստանում բառացիկ օրենք է գործում․ քրեականացվում է մի բան, որ աշխարհում ոչ մի տեղ քրեականացված չէ։ Այս մասին այսօր Վերաքննիչ դատարանում տեղի ունեցած բողոքի քննությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Այսօր մենք հասցրինք ներկայացնել մեր վերաքննիչ բողոքի 1/3 մասը։ Այն մոտ 60 էջ է, որից միայն 20 էջը ներկայացվեց։ Ներկայացվեց այն մասը, որով մենք հիմնավորեցինք, թե ինչու դատավճռի հիմքում դրված բազմաթիվ ապացույցներ տառացիորեն ապօրինի են։ Ապացույց կա, որն անհայտ աղբյուրից է, իսկ օրենսգիրքը պահանջում է, որ ապացույցների աղբյուրները հայտնի լինեն։ Ապացույցներ կան, որոնք ապօրինի են՝ առերեսման հետ կապված, որովհետեւ արվել են գիշերը, երբ Քրեական դատավարության օրենսգիրքը պահանջում է ցերեկային ժամերին արվեն բոլոր քննչական գործողությունները, եթե չկա հրատապություն, իսկ այդտեղ հրատապություն գոյություն չուներ։ Այն, որ հնարավորություն չի տրվել առերեսվել մյուս մեղադրյալի հետ, իսկ ամբողջ մեղադրական եզրակացությունը կառուցված է մյուս մեղադրյալի ցուցմունքների հիման վրա, թեեւ մարդկանցից շատերը ենթադրում են, թե ուրիշ վկաներ են, իրականում ոչ, երկրորդ մեղադրյալի ցուցմունքի հիման վրա»,- նշեց Ավետիք Չալաբյանը։

Չալաբյանի խոսքով՝ հոդվածի վերաբերյալ նաեւ սահմանադրականության վիճարկման հարց գոյություն ունի․ «Մեր կարծիքով՝ Հայաստանում բառացիկ օրենք է գործում․ քրեականացվում է մի բան, որ աշխարհում ոչ մի տեղ քրեականացված չէ։ Նույն տրամաբանությամբ կարելի է քրեականացնել շնչելը, վազելը եւ այլն»։

Նա շեշտեց, որ այդ դատական գործը իր կարեւորությամբ դուրս է գալիս իր անձից․ «Սա քաղաքական հետապնդում է՝ դասական իմաստով։ Դա արվում է մի հոդվածի հիման վրա, որը բացարձակ ուղղորդված օգտագործվում է այլ ընդդիմադիրների դեմ։ Այս հոդվածի շրջանակներում բազմաթիվ գործեր պետք է հարուցված լինեին հենց իշխանության դեմ»։

Անդրադառնալով այն փաստին, որ իր դեմ ցուցմունք տված անձն այժմ պաշտոն է ստացել, Չալաբյանն ասաց․ «Սա այս իշխանության ձեռագիրն է՝ մարդկանց օգտագործել եւ փչացնել։ Մարդիկ եթե համագործակցության են գնում այս չարիքի հետ, պետք է հիշեն, որ չի կարելի սա անել»։

  • Կիսվել: