ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
ՌՈ աշխատակիցները հերթապահություն են իրականացրել մասնավոր առանձնատան տարածքում և վճարվել պետբյուջեի միջոցներից. Վարդապետյան

ՌՈ աշխատակիցները հերթապահություն են իրականացրել մասնավոր առանձնատան տարածքում և վճարվել պետբյուջեի միջոցներից. Վարդապետյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում է ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ևս մեկ անգամ առաջարկեց քաղաքացիների համար հստակեցնել, որ «Կապշին» վարչությունն այն վարչությունն է, որը պատասխանատու է բանակի կապիտալ շինարարության, այդ թվում՝ խրամատներ, խրամուղիներ ճանապարհներ, տարբեր տեսակի ենթակառուցվածքներ, ռազմական օգտագործման ենթակառուցվածքների համար:

«Փաստորեն, այդ գլխավոր վարչություններից մեկի ղեկավարն աշխատել է իր ղեկավարի, այսինքն՝ պաշտպանության նախարարի առանձնատան շինարարության վրա, ավելին, այնտեղ մրցույթին մասնակցող ընկերությանը հորդորել է կամ ասել է, ինչպես դուք ասացիք, որպեսզի զբաղվի դրա շինարարությամբ և դրա դիմաց, ըստ էության, վճարված համարի որպես ատկատ ձևակերպված գումարով: Այսինքն՝ մեծ հաշվով, նա զբաղվել է իր ղեկավարի անձնական ունեցվածքը հարստացնելով բանակի հաշվին:

Խնդրո՛ւմ եմ, որպեսզի այս մասը շատ հստակ լինի, և դրան գումարած՝ նաև Ռազմական ոստիկանության աշխատողները աշխատավարձով աշխատել և այդ առանձնատանը պահակություն են արել, մեծ հաշվով, ովքեր պետք է դասալիքներ բռնեին, ովքեր պետք է ռազմական հանցագործներ բռնեին, ովքեր հենց իրենց ղեկավարին պետք է բռնեին, որը բանակի միջոցներով առանձնատուն էր սարքում և քրեական գործեր պիտի հարուցեին իրենց «Կապշին» վարչության վրա, իրենց ղեկավարի, պաշտպանության ղեկավարի և մնացած դասալիքների ու դավաճանների վրա, որոնք այն ժամանակ կային բանակում»,- ասաց Արշակյանը:

ՀՀ գլխավոր դատախազը ավելի պարզ ներկայացրեց մեխանիզմը:

Նրա խոսքով՝ «Սիտտա գրուպը» իրականացնում է կառուցապատման աշխատանքներ պաշտպանության նախարարության համար: Դրա փաստացի սեփականատերերից, շահառուներից մեկը, նրա խոսքով, աշխատում է հենց այն վարչությունում, որի մասին հիշատակեց ԱԺ նախագահի տեղակալը:

«Այսինքն՝ ուղիղ ենթակայությամբ է աշխատում Աշոտ Գրիգորյանի հետ: Ակնհայտ է, որ այս իրավիճակում ընկերությունը, որը աշխատում է ենթակայությամբ, չի կարող հակառակվել, և բնականաբար, այդ տրամաբանությամբ էլ ընտրվել է այս ընկերությունը: Ընկերությունն իրականացրել է աշխատանքները, և եթե ուշադրություն դարձրեցիք, ես վերջում 58 միլիոն դրամն էի դիտել որպես առավելություն, որովհետև աշխատուժի, բանվորների վճարումները շինարարական ընկերությունը իրականացրել էր և այդ 64,5 միլիոն դրամի հանրագումարի աշխատանքներից 58 միլիոնը փաստացի շինությունների կառուցման վրա ծախսված աշխատանքներն էին: Ըստ էության, վճարել էին միայն ընկերության բանվորներին, որոնք իրականացրել էին աշխատանքները»,- ասաց դատախազը՝ նշելով՝ դա շատ հաճախ կրկնվող սխեմա է և շատ պարզ:

Վարդապետյանի խոսքով՝ Ռազմական ոստիկանության աշխատակիցների առկայությունն է մեզ համար լրացուցիչ չարաշահման ենթադրություն անելու հիմք ստեղծում, որովհետև Ռազմական ոստիկանության աշխատակիցները կայուն հերթափոխով հերթապահություն են իրականացրել մասնավոր առանձնատան տարածքում և վճարվել են պետբյուջեի միջոցներից:

«Ակնհայտ է, որ «Սիտտա գրուպն» այն ընկերությունն է, որը շատ մեծ ծավալի շինարարություն է իրականացրել բանակի համար»,- ասաց Վարդապետյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ կառուցապատման աշխատանքները իրականացվել են 2010-2015 թթ., 2011-2016 թթ ՌՈ աշխատակիցները ծառայություն են իրականացրել առանձնատան տարածքում՝ առանձնացված ենթակառուցվածքի մեջ, 2016-ին ըստ էության սկսվել է բնապահանության նախարարության ենթակայության ներքո գործընթացի իրականացումը, որտեղ փաստաթղթերում նշվել է, որ որևէ շինություն տարածքի վրա չկա:

  • Կիսվել: