Քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը կավելացվի 8-ով, մարզերում` 9-ով, վերաքննիչ քրեական դատարանում՝ 3-ով. Բադասյան
Կյանքի է կոչվում մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն (կալանքի միջնորդություններ, ձերբակալման օրինաչափության ստուգում, խուզարկության թույլտվություն) իրականացնող և օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ միջնորդություններ քննող մասնագիտացված առանձին դատավորներ ունենալու մեր նախաձեռնությունը։ Այս մասին իր գրառման մեջ նշել է ԱՆ ղեկավար Ռուստամ Բադասյանը։
"Կառավարության այսօրվա որոշմամբ համաձայնություն տրվեց Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությանը, որի արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը կավելացվի 8-ով, մարզերում` 9-ով, վերաքննիչ քրեական դատարանում՝ 3-ով:
Հիշեցնեմ, որ մեր այս օրենսդրական նախաձեռնությունը ԱԺ կողմից ընդունվել էր դեռևս այս տարվա փետրվարին: Նախագահն այն չէր ստորագրել և դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան` մի շարք դրույթների սահմանադրականության վիճարկման պահանջով, իսկ օրեր առաջ Սահմանադրական դատարանը օրենքը ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող",- նշել է Բադասյանը: