չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Քոչարյանի փաստաբանը նոր միջնորդություն է ներկայացրել դատարան

Քոչարյանի փաստաբանը նոր միջնորդություն է ներկայացրել դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նոր միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:

Ներկայացված միջնորդության հիմքում ընկած է կորոնավիրուսի վարակման վտանգը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է կորոնավիրուսի վարակման ռիսկային խմբում:

Բացի այդ՝ պաշտպանը դիմել է նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ ներկայացված միջնորդությունն այլ դատավորի վերամակագրելու համար:

Խուդոյանը հավելեց, որ դատարանի նախագահի աշխատակազմը իրենց զանգերին չի պատասխանում։

Ավելի վաղ հայտնել ենք, որ արդեն մեկ ամիս է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը չի կայանում՝ դատավոր Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով:

Նշենք, որ պաշտպանները Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն էին ներկայացրել։

Այնուհետեւ ԲԴԽ-ն հայտնեց, որ Աննա Դանիբեկյանն անաշխատունակության թերթիկ է վերցրել մարտի 13-ից մինչեւ ապրիլի 16-ը։

Աննա Դանիբեկյանն ապրիլի 16-ին եկել էր աշխատանքի։ Մի քանի ժամ անց NEWS.am-ին հայտնի դարձավ, որ դատավորը կրկին արձակուրդ է վերցրել մինչեւ մայիսի 7-ը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 8-ին։

  • Կիսվել: