երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Քննարկվել են քրեական  գործերի կառավարման թվային համակարգի ներդրման խնդիրները

Քննարկվել են քրեական գործերի կառավարման թվային համակարգի ներդրման խնդիրները

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն այսօր ընդունել է
Համաշխարհային բանկի (ՀԲ) հանրային հատվածի արդիականացման ծրագրի
առաքելության պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային արդարադատության միասնական
համակարգի ստեղծման շրջանակներում մինչդատական վարույթում գտնվող քրեական
գործերի կառավարման թվային համակարգի ներդրման ընթացքին և կառուցակարգերին
վերաբերող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ թվային համակարգի հնարավորինս
շուտ ներդրման նպատակով արդեն նախաձեռնվել է նոր քրեական դատավարության
օրենսգրքի նախագծով նախատեսվող ընթացակարգային նոր լուծումներին
համապատասխանեցնելու, դրա հիման վրա տեխնիկական առաջադրանքի հստակեցման
գործընթացը:

Ըստ Արմեն Հարությունյանի՝ դատախազության համար քրեական գործերի կառավարման
թվային համակարգի ներդրումը կարևոր է հատկապես այն առումով, որ նպաստելու է
դատախազական հսկողության գործառույթների իրականացման օպերատիվությանն ու
արդյունավետությանը, ինչպես նաև ստեղծելու է ռեսուրսների զգալի
խնայողության հնարավորություն:

Հանդիպման ընթացքում կարևորվել է նոր թվային համակարգի ներդրումն
առավելագույնս նպատակային դարձնելու համար միջազգային փորձի
ուսումնասիրումը, ինչպես նաև տեղի մասնագիտական շրջանակների
վերապատրաստումը:

ՀԲ առաքելության ղեկավար Միգարա դե Սիլվան վստահություն է հայտնել, որ
քրեական դատավարության նոր օրենսգքրի մշակման գործընթացի ավարտման տեսանելի
հեռանկարը նպաստավոր պայմաններ կստեղծի սահմանված ժամկետներում «Պետական
հատվածի արդիականացման երրորդ ծրագրով» նախատեսված այս նախագծի վերջնական
իրականացման համար:

  • Կիսվել: