կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քննարկվել են ՀՀ-ի և ՄԹ-ի քրեական վարույթների շրջանակներում ՀՀ-ի և ՄԹ-ի քաղաքացիներին վերաբերող տվյալների առնչությամբ հարցեր

Քննարկվել են ՀՀ-ի և ՄԹ-ի քրեական վարույթների շրջանակներում ՀՀ-ի և ՄԹ-ի քաղաքացիներին վերաբերող տվյալների առնչությամբ հարցեր

Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան, Նորին մեծության հյուպատոս Փոլ Մորիսն այցելել է ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:
 
Հյուրերին ընդունել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը՝ ուրախալի համարելով Կոմիտեի և ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության միջև համագործակցությանը միտված հաղորդակցության հաստատումը։
 
«Արսեն Այվազյանն ընդգծել է, որ ՀՀ քննչական կոմիտեն պատրաստ է ինչպես դեսպանության, այնպես էլ՝ Միացյալ Թագավորության իրավապահ մարմինների հետ սերտ գործակցությանը, փորձի, տեղեկատվության փոխանակմանը, իրավապահ ոլորտում բարեփոխումներին ուղղված համատեղ նախագծերի իրականացմանը։
 
Պարոն Մորիսը ողջունել է համագործակցության պատրաստակամությունը՝ նշելով, որ կարևորում է քրեական վարույթների շրջանակներում երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության առավել բարձր երաշխիքների ստեղծումը և հանցավորության դեմ պայքարի խթանումը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների միջև քննչական հարցումներին արձագանքելու օպերատիվությունը և արդյունավետությունը բարձրացնելու, քրեական վարույթների շրջանակներում Հայաստանի և Միացյալ Թագավորության քաղաքացիներին վերաբերող տվյալների առնչությամբ, ըստ անհրաժեշտության իրավասու մարմիններին հարցումներով դիմելու գործընթացի իրականացմանն առնչվող հարցեր։
 
Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: