երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՔԿՀ-ում խոշտանգման արձանագրություն չկազմելու պատճառով արդարադատության նախարարի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն

ՔԿՀ-ում խոշտանգման արձանագրություն չկազմելու պատճառով արդարադատության նախարարի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն

Կալանավորված անձ Ա. Շ-ն մարմնական վնասվածքներով մուտք է գործել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ ոստիկանության ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրից:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, կալանավորված անձի մարմնի տարբեր հատվածներում, այդ թվում՝ գլխին, վնասվածքների առկայության փաստն արձանագրվել է ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրի ներկայացուցիչների կողմից:

Օրենսդրական կարգավորումների համաձայն՝ ՔԿՀ-ի բուժաշխատողը բժշկական զննության ընթացքում անձի մոտ նման առերևույթ մարմնական վնասվածքների առկայության դեպքում պարտավոր էր կազմել խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրություն և անմիջապես փոխանցել իրավասու քննչական մարմին, սակայն ՔԿՀ-ի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել:
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի ցուցումով հանձնարարվել է կատարել ուսումնասիրություն՝ պարզելու մեղավոր անձանց շրջանակը՝ հետագայում բացառելով նաև նմանատիպ խախտումները։

 

  • Կիսվել: