երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ուենցած պայթյունի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակում. ՔԿ (լուսանկար)

Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ուենցած պայթյունի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակում. ՔԿ (լուսանկար)

2024 թվականի մարտի 16-ին՝ ժամը 19․10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան բնակավայրում գործող ԱԳԼՃ կայանում «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի բնական գազով լիցքավորման պահին տեղի ունեցած պայթյունի և դրա հետևանքով մեկ անձի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի հանգամանքները, պայթյունի պատճառները և պատճառված նյութական վնասի չափը պարզելու նպատակով իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, իսկ գազալցակայանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Առգրավվել են տեսագրությունները, հարցաքննվել են ականատեսները և գազալցակայանի գործունեության հետ առնչություն ունեցող մի շարք անձինք։

Պայթյունի հետևանքով վնասվածք ստացած և բուժհաստատություն տեղափոխված 46 տարեկան գազալցակայանի աշխատակիցը ճանաչվել է տուժող, ում առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Նշանակվել են դատաբժշկական և դատապայթյունատեխնիկական փորձաքննություններ։
Քրեական վարույթի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում պարզելու ինչպես գազալցակայանի, շահագործվող սարքավորումների և այնտեղ աշխատող անձանց գործունեության թույլտվության օրինականությունը, այնպես էլ լիցքավորվող ավտոմեքենայում եղած գազաբալոնների շահագործման օրինականությունը։

Ձեռք բերված տվյալներով բացի բնական գազի տարայից, ավտոմեքենայում տեղադրված են եղել հեղուկ գազի տարաներ և համապատասխան սարքավորումներ, որով իրականացվել է հեղուկ գազի շրջիկ վաճառք՝ առնաց թույլտվության, իսկ բնական գազի լիցքավորման ժամանակ պայթել է հեղուկ գազի տարան։

Նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: