հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Քաջարանի քաղաքապետի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի վաղը

Քաջարանի քաղաքապետի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի վաղը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վաղը ժամը՝ 10։20-ին կհրապարակի Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդության որոշումը։

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Փարամազյանի պաշտպան Լուսինե Սահակյան՝ վարույթն իրականացնող մարմինը չի կարողացել ներկայացնել փաստական հիմքեր:

«Վարույթն իրականացնող մարմինը, բնականաբար, չկարողացավ ներկայացնել փաստական հիմքեր, որոնցով կհիմնավորեր, որ Փարամազյանը որեւէ առնչություն ունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ։ Այսինքն՝ բացակայում էր հիմնավոր կասկածը»,-նշեց նա՝ հավելելով, որ բացակայում են նաեւ Մանվել Փարամազյանին կալանավորելու հիմքերը։

«Մենք գտնում ենք, որ սա քաղաքական հետապնդում է։ Ամեն ինչ արվում է, որպեսզի անձինք, որոնք այսօր պահում են մեր սահմանները, Սյունիքը, եւ, որոնք թույլ չտվեցին, որ հողը հանձնած վարչապետը ոտք դնի Սյունիք, ամեն ինչ արվում է, որ նրանց հանեն սահմանից եւ հողն հանձնեն»,-հավելեց պաշտպանը։

Նշենք, որ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի (Մարդուն առեւանգելը) 2-րդ մասի 1-ին կետով:

Հիշեցնենք, որ նշված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել եւս 5 անձի:

 

  • Կիսվել: