ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պրոբացիայի և Քրեակատարողական ծառայության ղեկավարները մասնակցել են Պրոբացիայի և պայմանական վաղաժամկետ ազատման համաշխարհային վեհաժողովին

Պրոբացիայի և Քրեակատարողական ծառայության ղեկավարները մասնակցել են Պրոբացիայի և պայմանական վաղաժամկետ ազատման համաշխարհային վեհաժողովին

Քրեակատարողական ծառայության ղեկավար Ամբակում Գրիգորյանը և Պրոբացիայի ծառայության ղեկավար Արամ Նիկոյանը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում, մասնակցել են Պրոբացիայի և պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համաշխարհային 6-րդ վեհաժողովին։

Վեհաժողովի շրջանակներում Ամբակում Գրիգորյանը եվրոպական այլ երկրների քրեակատարողական համակարգի ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտին վերաբերող հարցեր, այցելել է տեղի քրեակատարողական ծառայություն՝ ուսումնասիրելու Նիդերլանդների փորձը։ Ամբակում Գրիգորյանը հանդիպել է Բանտերի և ուղղիչ հիմնարկների եվրոպական կազմակերպության փոխնախագահ Յուստինա Դզիենկոյի հետ, որի ընթացքում քննարկվել է նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության՝ Կազմակերպությանն անդամակցելու հնարավորությունը։

Պրոբացիայի ծառայության ղեկավար Արամ Նիկոյանը հանդիպել է Եվրոպական պրոբացիայի կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Յանա Շպերոյին։ Կողմերը քննարկել են Պրոբացիայի ծառայության՝ 2024 թվականի հունվարին Եվրոպական պրոբացիայի կոնֆեդերացիայի լիիրավ անդամ դառնալու վերաբերյալ հարցեր և նախանշել համագործակցության շրջանակներում ձեռնարկվելիք հետագա քայլերը։

Ծառայության պետը հանդիպել է նաև Նիդերլանդների Թագավորության Պրոբացիայի ծառայության պետ Յոհան Բաքին, Լեհաստանի Հանրապետության Պրոբացիայի ծառայության ազգային խորհրդի նախագահ Դարիուս Պալմիրսկիին, Չեխիայի Հանրապետության Պրոբացիայի և հաշտարարության ծառայության գործադիր տնօրեն Անդրեա Մատուսկովային և Խորվաթիայի Հանրապետության արդարադատության նախարարության և պետական կառավարման Բանտային համակարգի և պրոբացիայի տնօրինության Պրոբացիայի համակարգի ղեկավար Գորան Բրկիչին, որոնց հետ քննարկել է համագործակցության հնարավոր ուղղությունները։

 

  • Կիսվել: