ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փոխնախարար Արփինե Սարգսյանն այցելել է Գերմանիա՝ ուսումնասիրելու քրեակատարողական հիմնարկների ենթակառուցվածքների տեղական փորձը

Փոխնախարար Արփինե Սարգսյանն այցելել է Գերմանիա՝ ուսումնասիրելու քրեակատարողական հիմնարկների ենթակառուցվածքների տեղական փորձը

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20-24-ն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա՝ Հայաստանում կառուցվող նոր քրեակատարողական հիմնարկի նախագծման փուլում ուսումնասիրելու քրեակատարողական հիմնարկների ենթակառուցվածքների վերաբերյալ գերմանական փորձը։ Այցի ընթացքում փոխնախարար Սարգսյանը հանդիպել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավային Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդի հետ։

Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել այցի կազմակերպման և Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման հայեցակարգի մշակման հարցում ամիսներ շարունակ ցուցաբերած աջակցության համար։ Սարգսյանը նշել է, որ գերմանական փորձի հիման վրա Արդարադատության նախարարությունը նախագծել է նոր քրեակատարողական հիմնարկի նախնական մոդելը։

Ֆրանկ Հուփֆելդն իր հերթին շնորհակալություն է հայտնել այս պատասխանատու գործում IRZ-ի նկատմամբ ցուցաբերած վստահության համար և պատրաստակամություն հայտնել արդյունավետ համագործակցությունը շարունակել նաև հետագա փուլերում։

Այցի ընթացքում պատվիրակությունն այցելել է Կառլսռուհեի, Օֆֆենբուրգի, Շտուտգարտի քրեակատարողական հիմնարկներ, ծանոթացել դրանց ենթակառուցվածքներին, ուսումնասիրել շինարարական լուծումները, որոնք ծառայում են վերասոցիալականացման գաղափարին։

  • Կիսվել: