ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Հարություն Գրիգորյանը դիմել է վաղաժամ ազատ արձակվելու համար

Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Հարություն Գրիգորյանը դիմել է վաղաժամ ազատ արձակվելու համար

Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Վայոց Ձորի նախկին մարզպետ, ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը դիմել է դատարան  պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու համար: Այս մասին NEWS.am-ին հայտնեց փոխգնդապետի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը:

Նրա խոսքով՝ դատախազությունից են դիմել եւ իրենց դիրքորոշումն են հարցրել վաղաժամ ազատ արձակելու վերաբերյալ, ինչի վերաբերյալ իրենք բացասական կարծիք են հայտնել:
«Փոխանակ մի բան էլ պատիժը ծանրացնեն, ավելի  շուտ են ուզում ազատ արձակեն, միանշանակ մենք դեմ ենք»,-ասաց Կարեն Մխիթարյանը:

Նա նշեց, որ 3 տարուց ավելի կոմայում գտնվող եղբոր առողջական վիճակում որեւէ փոփոխություն չկա:

Հիշեցնենք, որ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ ՝ Հարություն Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով։ 

Հարություն Գրիգորյանին մեղսագրվող 118-րդ հոդվածով՝ ծեծի դրվագով, վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։

Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում եւ արդեն շուրջ 3 տարուց ավելի գտնվում է կոմայի մեջ։ Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։

Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները, այդուհանդերձ նախկին մարզպետին մեղադրանք չի առաջադրվել։

  • Կիսվել: