չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՊԵԿ-ը բացահայտել է ինտերնետային հարթակի վճարովի ծառայություններից ստացված գումարների դիմաց հարկերը պակաս վճարելու դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է ինտերնետային հարթակի վճարովի ծառայություններից ստացված գումարների դիմաց հարկերը պակաս վճարելու դեպք

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ինտերնետային տիրույթում գրանցված կայքը, որն իրենից ներկայացնում է տարբեր ապրանքների առուվաճառքի և ծառայությունների մատուցման կամ ստացման հայտարարությունների տեղադրման հարթակ, ունի նաև վճարովի ծառայություններ, որոնց դիմաց ստացվող գումարները հավաքագրվել են վճարային տերմինալների միջոցով և փոխանցվել են որոշ անհատ ձեռնարկատերերի բանկային հաշվեհամարներին:

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, և փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված անհատ ձեռնարկատերերից մեկը 2019 թ. իրականացրած ձեռնարկատիրական գործունեության համար չի հայտարարագրել 235.8 մլն դրամ շրջանառություն, որի արդյունքում չի հաշվարկել և ՀՀ պետական բյուջե չի վճարել 46.6 մլն դրամ ավելացված արժեքի հարկ, իսկ մյուս անհատ ձեռնարկատերը 2016-2018 թթ. իրականացրած ձեռնարկատիրական գործունեության համար պակաս է հաշվարկել և ՀՀ պետական բյուջե չի վճարել 53.2 մլն ՀՀ դրամ հարկ:

Նշված քրեական գործի առնչությամբ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում  ձեռնարկվել են  քննչական և դատավարական լայնածավալ գործողություններ: Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված անհատ ձեռնարկատերերի կողմից չհաշվարկված և պետական բյուջե չվճարված հարկերի գումարներն անհամեմատ ավելի մեծ են:  
 

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված ելակետային տվյալների հիման վրա քրեական գործով համալիր հարկային ստուգումներ են նշանակվել անհատ ձեռնարկատերերի մոտ:

Ստուգման ընթացքում անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացվել են հաշվարկներ (այդ թվում՝ ճշտված), որոնց արդյունքում առաջացել են լրացուցիչ հարկային պարտավորություններ, համապատասխանաբար՝ 99,9 մլն դրամ և 132.7 մլն դրամ գումարների չափով, որոնք վերջիններիս կողմից ամբողջությամբ վերականգնվել են: 

Քրեական գործով որոշում է կայացվել նշված անհատ ձեռնարկատերերի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելու հիմքով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին՝ զերծ մնալ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր չներկայացնելու կամ դրանցում կեղծ տվյալներ ներկայացնելու եղանակով հարկեր չվճարելու հանցավոր գործունեությունից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: