Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունից․ Կառավարությունը հավանություն է տվել նախագծին
Կառավարությունը հավանություն է տվել ՆԳ նախարարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին։
Օրենսդրական փոփոխությամբ, մասնավորապես՝
Բացարձակ արգելք է սահմանվում երեխայի նկատմամբ սեռական ազատության կամ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու դեպքում գործուն զղջալու կամ տուժողի հետ հաշտվելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու համար։
Գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու արգելք է սահմանվում նաև երեխայի կամ անօգնական վիճակում գտնվող անձի թրաֆիքինգի կամ շահագործման դեպքում։
Քրեականացվում է սեռական ծառայություններ մատուցող երեխայի ծառայությունից օգտվելը։ Ընդ որում, կախված երեխայի տարիքից, առաջարկվում են տարբեր խստության պատիժներ։ Մասնավորապես, 16 տարին լրացած, սակայն 18 տարին չլրացած անձի ծառայությունից օգտվելու համար առաջարկվում է նախատեսել ընդհուպ մինչև երեք տարի ժամկետով ազատազրկում, իսկ 12 տարին լրացած, սակայն 16 տարին չլրացած անձի ծառայությունից օգտվելու համար՝ երեքից վեց տարի ժամկետով ազատազրկում։
Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ օրենսդրական հիմքեր և երաշխիքներ կստեղծվեն երեխային սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելու համար, ինչպես նաև կբացառվի նման դեպքերում քրեական պատասխանատվությունից ազատելու ձևավորվող պրակտիկան, որը չի բխում երեխայի լավագույն շահերից։
Բացի այդ, ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանեցվի ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես՝ Լանզարոտեի կոնվենցիայի պահանջներին։



