Իրանի զինանոցը ներառում է 1500-ից 2500 բալիստիկ հրթիռ
Ըստ ԱՄՆ հետախուզության գնահատականների՝ Իրանի զինանոցում կա 1500-ից 2500 բալիստիկ հրթիռ։ Սա վկայում է այն մասին, որ Թեհրանը վերականգնել է պատերազմից առաջ ունեցած հրթիռային պաշարների ավելի քան կեսը։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։
Պարբերականը նշում է, որ Իրանը համալրում է իր հրթիռային զինանոցը՝ հիմնականում օգտագործելով նախկինում կուտակված բաղադրիչները։ Թեև ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով ոչնչացվել էին հրթիռների պահեստավորման որոշ օբյեկտների մուտքերը, արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Իրանը հետագայում վերականգնել է մուտքը դեպի որոշ օբյեկտներ և դուրս բերել այնտեղից հրթիռները։
ԱՄՆ հետախուզության ներկայացուցիչներն ընդգծում են, որ այս թվերը գնահատականներ են, քանի որ դժվար է որոշել Իրանի հրթիռային պաշարների ճշգրիտ ծավալը։
Այնուամենայնիվ, այս գնահատականները հակասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն պնդմանը, թե Իրանի հրթիռային զինանոցի 85%-ը ոչնչացվել է։
Իսրայելցի պաշտոնյաները նույնպես կարծում են, որ Իրանն ունի ավելի քան 1500 բալիստիկ հրթիռ։



