հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՊԵԿ-ն ունեցել է իր համեստ մասնակցությունը․ ՊԵԿ պաշտոնյան՝ Էկոնոմիկայի նախարարությունում բացահայտման մասին

ՊԵԿ-ն ունեցել է իր համեստ մասնակցությունը․ ՊԵԿ պաշտոնյան՝ Էկոնոմիկայի նախարարությունում բացահայտման մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանն անդրադարձել է ԱԱԾ-ի կողմից բացահայտված՝ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձի կողմից խոշոր չափի կաշառք ստանալու դեպքին:

ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ ձերբակալվել է Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան՝ ադամանդների ներկրման վերաբերյալ կեղծ փաստաթղթերի ու կաշառքի մեղադրանքով:

«Տվյալ քրեական գործով նախաքննությունը վարվում է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում, իսկ նախաքննությունը ենթադրում է գաղտնիության որոշակի ռեժիմ: Որքան էլ տեղեկացված լինեմ, իրավասու չեմ պատասխանել գործի հետ կապված հարցերին, որ չվնասեմ նախաքննությանը: Ընդամենը կարող եմ արձանագրել, որ նշված հանցագործությունների բացահայտմանը Պետական եկամուտների կոմիտեն ունեցել է իր համեստ մասնակցությունը, աջակցությունը: Թույլ տվեք դրանից ավելին չնշեմ: Ազգային անվտանգության ծառայության քննիչն ինքը կորոշի, թե երբ և ինչ ծավալով բացահայտի նախաքննության գաղտնիքը, որպեսզի չվնասի գործին»,- ասուլիսում նշեց Վահան Չարխիֆալակյանը:

 

Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Ա.Ն.-ն` հանդիսանալով պաշտոնատար անձ, տնտեսվարող կազմակերպության կողմից ներկրած ադամանդյա քարերի իրական արժեքը թաքցնելու, մաքսազերծման ժամանակ քիչ մաքսատուրք վճարելու, պետական վերահսկողական ակտի տրամադրման նպատակով համապատասխան ստուգում չիրականացնելու և այդ պայմաններում հիշյալ ակտը տրամադրելու դիմաց 2020 թվականի սեպտեմբերի 6-ին անձամբ  ընկերության սեփականատերերից ստացել է խոշոր չափերի կաշառք, որից հետո շահադիտական դրդումներով հանձնարարել է ՀՀ  էկոնոմիկայի  նախարարի իրավախորհրդատու Վ.Ս.-ին կազմել և ընկերության ներկայացուցիչներին հանձնել իրավունք վերապահող` ադամանդյա քարերի ներկրման հայտարարագրի համապատասխանության վերաբերյալ  պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող բովանդակությամբ կեղծ պետական  վերահսկողության ակտ, ինչը վերջինիս կողմից կատարվել է: 2021 թվականի հունվարի 26-ին  խոշոր չափերով կաշառք  ստանալու կասկածանքով  ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման է ենթարկվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Ա.-Ն.-ն և ձերբակալվել:

  • Կիսվել: