ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրներն Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում են. ստեղծվել է աշխատանքային խումբ

Պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրներն Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում են. ստեղծվել է աշխատանքային խումբ

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը ողջույնի խոսքով է հանդես եկել ապահովության, անվտանգության և սոցիալական վերաինտեգրման սկզբունքներին համապատասխան պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպմանը: Նախարարի տեղակալը ներկայացրել է աշխատանքային խմբի ստեղծման նպատակները և խնդիրները, մասնավորապես` հրամանով նախատեսված եռամսյա ժամկետում համակարգի բարեփոխման տեսլականը և դրա իրականացման գործուղությունների ճանապարհային քարտեզ ունենալու և արդարադատության նախարարին ներկայացնելու անհրաժեշտությունը:

Աշխատանքային խմբի մասնակիցները քննարկել և ներկայացրել են առաջարկներ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի արդի խնդիրների վերաբերյալ, մասնավորապես՝ քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների համապատասխան զեկույցների կազման կարգի փոփոխության, դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահատելու հանգամանքների վերանայման, պայմանական վաղաժամկետ ազատման գործիքակազմի կիրառման և բալային համակարգի վերանայման, դատապարտյալների զբաղվածության հարցերի կարգավորման և պրոբացիայի ծառայությանն ավելի լայն լիազորություններով օժտելու անհրաժեշտության վերաբերյալ:

Լևոն Բալյանն ամփոփելով հանդիպումն ընդգծել է, որ Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի զարգացումը՝ գործող համակարգի փոփոխության և տեղական կարիքների գնահատման արդյունքում, հնարավոր կլինի նոր առաջարկների մշակման միջոցով:

  • Կիսվել: