շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պատասխանատվության խստացում տեսչական մարմնի վարչական ակտով տրված ցուցումները չկատարելու դեպքում

Պատասխանատվության խստացում տեսչական մարմնի վարչական ակտով տրված ցուցումները չկատարելու դեպքում

Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաև այդ մարմնի պաշտոնատար անձանց կողմից տրված վարչական ակտերի, կարգադրագրերի պահանջների սահմանված ժամկետում չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում կսահմանվի պատասխանատվության միջոց: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Գործող կարգավորումներով մեկ սռնու վրա ընկնող թույլատրելի շեմը գերազանցելու դեպքում բեռնափոխադրումներ իրականացնողները տուգանվում էին 200.000 դրամ: Նախագծով առաջարկվում է յուրաքանչյուր տոննայի համար ավելի բեռնվածքը գերազանցելու դեպքում պատասխանատվության միջոց սահմանել 200.000 դրամ:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի առաջարկով ներկայացվել է իրավախախտումների հետ կապված վիճակագրությունը: Ըստ հիմնական զեկուցողի` առկա է մինչև 30-35 տոննա թույլատրելի ընդհանուր շեմի գերազանցում, ինչն անթույլատրելի է: Արմեն Դանիելյանն ընդգծել է, որ առաջարկվող փոփոխությունը կունենա զսպող ազդեցություն:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության կողմից ներկայացվել են տեխնիկական, խմբագրական բնույթի առաջարկներ:

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: