երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բաքվում պաշտոնապես 55 հայ է պահվում. Սիրանուշ Սահակյան

Բաքվում պաշտոնապես 55 հայ է պահվում. Սիրանուշ Սահակյան

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում 55 հայ կա։ Սակայն ոչ պաշտոնապես հայտնի է շատ ավելի մեծ թվով գերիների մասին։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է միջազգային իրավունքի փորձագետ Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ պաշտոնապես հաստատված է, որ ադրբեջանական գերության մեջ են գտնվում 6 քաղաքացիական անձ, 41 զինվորական եւ Արցախի 8 նախկին բարձրաստիճան քաղաքական եւ զինվորական գործիչներ, նրանք համարվում են քաղբանտարկյալներ։ Բացի այդ, կան ոչ պաշտոնական տվյալներ առնվազն 80 զինվորականների եւ քաղաքացիական անձանց մասին։ Նրանց ճակատագրերը պարզելու համար ջանքեր չեն գործադրվում, փաստել է Սահակյանը։

Փորձագետը նշել է գերիներին այցելելու անհնարինության խնդիրը։ Ադրբեջանի իշխանությունները թույլ են տալիս նրանց այցելել միայն ԿԽՄԿ ներկայացուցիչներին, եւ գերիներն ամբողջ ընթացքում չեն կարողացել հանդիպել կտտանքների դեմ պայքարի անկախ կառույցների ներկայացուցիչների հետ։ ԿԽՄԿ այցելություններն էլ, որպես կանոն, ուշացած են։ Բարձրաստիճան արցախյան գործիչների պարագայում այն կայացել է միայն մի քանի շաբաթ անց։

«Բոլոր վերադարձած անձինք վկայում են վատ վերաբերմունքի եւ կտտանքների մասին։ Համեմատելով տվյալները՝ կարծում ենք, որ Ադրբեջանում չկա մեխանիզմ, որը բացառում է կտտանքները։ Անկախ փորձագետների այցելությունների արգելքի պայմաններում նման անմարդկային, արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը շարունակվում է»,- նշել է Սահակյանը։

Միեւնույն ժամանակ, նա պարզաբանել է, որ շատ կառույցներ հարցը կապում են Միջազգային հումանիտար իրավունքի հետ, իսկ այս ոլորտում հիմնական դերը հատկացվում է ԿԽՄԿ-ին։ «Նման մոտեցումն անընդունելի եմ համարում։ ԿԽՄԿ մանդատը չի հետապնդում կտտանքների փաստերին իրավական գնահատական տալը։ ԿԽՄԿ-ն չի կարող անգամ հրապարակայնորեն հայտարարել նման փաստերի մասին»,- նշել է Սահակյանը՝ ավելացնելով, որ ՄԱԿ զեկուցողները փորձել են այցելել Ադրբեջան, բայց անհաջող։ 

  • Կիսվել: