շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փաշինյանի նկատմամբ «Բռնության կոչերի» հոդվածով պատմության ուսուցիչը դատապարտվեց 150 հազար դրամ տուգանքի. Մելիքյան

Փաշինյանի նկատմամբ «Բռնության կոչերի» հոդվածով պատմության ուսուցիչը դատապարտվեց 150 հազար դրամ տուգանքի. Մելիքյան

Դատարանը (նախագահող դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) այսօր հրապարակեց «պատմության ուսուցչի» գործով դատավճիռը։ «Բռնության կոչերի» հոդվածով Հակոբ Գրիգորյանը դատապարտվեց 150 հազար դրամ տուգանքի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Հաշվի առնելով դատավորի հետագիծն ու հանրային ընկալումը՝ մեղադրական դատավճիռը մեզ համար անակնկալ չէր։ Մենք բնականաբար համաձայն չենք դատավճռին, և վստահորդիս հետ կքննարկենք դատական ակտի բողոքարկման հարցը միայն դրա ամբողջական տեքստը ստանալուց հետո. մեզ շատ հետաքրքիր է, թե ինչ փաստարկներով է դատարանը հերքել մեր պնդումները։

ՀԳ. Այս գործը իրավապաշտպանական հիմունքով ստանձնել եմ շուրջ տասը ամիս առաջ՝ լրագրողների «ահազանգով» առ այն, որ ն.փաշինյանի նկատմամբ «բռնության կոչի» համար դատարանի առջև է կանգնել մի ուսուցիչ, որը պաշտպան չունի։ Հավատամքս այն է, որ Հայրենիք հանձնողների դեմ արտահայտվող ու դրա համար ռեժիմի կողմից հետապնդման ենթարկվող ոչ ոք չպետք է իրեն միայնակ ու լքված զգա, և ուժերիս ներածին չափով փորձում եմ ապահովել այդ գաղափարը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Հակոբ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով` բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։

Համաձայն դատախազության մեղադրական եզրակացության՝ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Երևան քաղաքի Հր. Քոչար 29 հասցեում գործող Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում որպես պատմության ուսուցիչ, համաձայն չլինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ և քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված, 2021 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, 7-րդ դասարանի պատմության դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, այն է՝ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել։

  • Կիսվել: