ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Ոստիկանությունը իրավախախտում կամ հանցագործություն կատարած անչափահասների հաշվառում կիրականացնի

Ոստիկանությունը իրավախախտում կամ հանցագործություն կատարած անչափահասների հաշվառում կիրականացնի

Ոստիկանությունը իրավախախտում կամ հանցագործություն կատարած անչափահասների հաշվառում կիրականացնի։ Ազգային ժողովում «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը ներկայացրեց Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

Նա նշեց, որ «Ոստիկանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Ոստիկանությունը հանցագործությունների եւ այլ իրավախախտումների դեմ պայքարելիս օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում պարտավոր է իրականացնել պետական եւ հասարակական մարմինների հետ համապատասխան միջոցառումներ` առանց հսկողության թողնված անչափահասների, ինչպես նաեւ հաշվառման մեջ գտնվող անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները կանխելու եւ անչափահասներին դաստիարակելու ուղղությամբ:

«Մինչդեռ «Ոստիկանության մասին» օրենքի որեւէ հոդվածում ամրագրված չէ անչափահասներին հաշվառման վերցնելու վերաբերյալ դրույթ»,- հավելեց Ֆիդանյանը։

Ոստիկանության պետի տեղակալը ասաց, որ իրավախախտում կամ հանցագործություն կատարած անչափահասների կամ անչափահասի վարքագծի վրա բացասական ներգործություն ունեցող ծնողների վերաբերյալ հաշվառում իրականացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության 1996 թվականի թիվ 633 հրամանով հաստատված հրահանգի պահանջների համաձայն:

«Նախագծով նախատեսվում է «Ոստիկանության մասին» օրենքում սահմանել դրույթ, որի համաձայն Կառավարության սահմանված կարգով կիրականացվի իրավախախտում թույլ տված կամ հանցագործություն կատարած անչափահաս պրոֆիլակտիկ կանխարգելիչ հաշվառում»,- եզրափակեց Ֆիդանյանը։

  • Կիսվել: