կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ոստիկանության ծառայության թվային փոխակերպման գործիքակազմը կկիրառվի ՆԳՆ ոլորտային ուղղություններում․ Արա Ֆիդանյան

Ոստիկանության ծառայության թվային փոխակերպման գործիքակազմը կկիրառվի ՆԳՆ ոլորտային ուղղություններում․ Արա Ֆիդանյան

Փետրվարի 21-ին Երևանում տեղի է ունեցել ՆԳ նախարարության ոստիկանության ծառայության թվային փոխակերպման ռազմավարական ճանապարհային քարտեզի և թվային գործիքների ներկայացմանը նվիրված հանդիպում-քննարկում, որին մասնակցում էր ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։

Մասնակցում էին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի և Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ:

ՆԳՆ-ից հայտնում են, որ Արա Ֆիդանյանն իր խոսքում կարևորել է ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում իրականացվող թվայնացման գործընթացը։

Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակներում Արա Ֆիդանյանն առանձնացրել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագիրը և կրթական ծրագրերի արդիականացման, մարդկային ռեսուրսների կարողությունների բարելավման, ոստիկանական գործունեության մեջ կանանց ներգրավվածության ապահովման, թվային վերափոխման և այլ ուղղություններով կատարված մեծածավալ աշխատանքները։

Նա շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, փորձագետներին և ներգրավված ոլորտային մասնագետներին՝ ՆԳՆ ոստիկանության թվային փոխակերպման ռազմավարական ճանապարհային քարտեզի մշակման գործընթացում կատարած ծավալուն աշխատանքի համար։

Արա Ֆիդանյանը նշել է, որ ծառայության թվայնացման շրջանակներում ներդրված գործիքակազմը կկիրառվի ՆԳ նախարարության ոլորտային ուղղություններում։

Ելույթ են ունեցել նաև ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակի ժողովրդավարական կառավարման թիմի ղեկավար Վահան Ասատրյանն ու նորարարության և կայուն զարգացման նպատակների ֆինանսավորման թիմի ղեկավար Տիգրան Ճորոխյանը։

Նրանք խոսել են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ արդի մարտահրավերների, ոստիկանության ծառայության թվայնացման գործընթացում կիրառվող մեթոդների, թվային գործիքների հնարավորությունների մասին։

Փորձագետները ներկայացրել են ոստիկանության ծառայության թվայնացման ռազմավարական ճանապարհային քարտեզը, տվյալների վերլուծական և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևանմուշների ստեղծման գործիքակազմը։

Հանդիպման ընթացքում ակտիվ քննարկում է ծավալվել ճանապարհային քարտեզի իրականացման և հետագա քայլերին վերաբերող հարցերի շուրջ։

  • Կիսվել: