շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ոստիկանության պետը Արարատի և Արմավիրի մարզային վարչություններում ամփոփիչ խորհրդակցություններ է անցկացրել

Ոստիկանության պետը Արարատի և Արմավիրի մարզային վարչություններում ամփոփիչ խորհրդակցություններ է անցկացրել

ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը փետրվարի 9-ին օպերատիվ խորհրդակցություն էր հրավիրել ոստիկանության Արտաշատի բաժնում։ Ներկա էին Արարատի մարզային վարչության ղեկավար կազմը, բաժինների, ինչպես նաև ենթակա ստորաբաժանումների ղեկավարներն ու նրանց տեղակալները:

Ամփոփվել են 2023 թվականի ընթացքում իրականացված օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքները, ինչպես նաև օպերատիվ իրավիճակին վերաբերող հարցեր։
Հանգամանորեն ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները մարզում, հանցավորության դինամիկայի միտումները, ինչպես նաև այլ հարցեր։

Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը անդրադարձել է այն կարևորագույն խնդիրներին, որոնց լուծումը պահանջում է ամենօրյա հետևողական աշխատանք՝ օրենքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքով։
Արամ Հովհաննիսյանը վերստին կարևորել է քաղաքացիների հետ շփումներում նոր գործելաոճի որդեգրման անհրաժեշտությունը, հանցավորության դեմ ամենօրյա հետևողական պայքարում պրոֆեսիոնալ աշխատանքի հրամայականը։

Նա հանձնարարել է առավել ակտիվացնել աշխատանքները՝ ապօրինի թմրաշրջանառության, ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման, ինչպես նաև կամավոր հանձնման ուղղությամբ։

Նույն օրը օպերատիվ-խորհրդկացություն է անցկացվել նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում։ Ներկա են եղել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և բաժինների ղեկավարներ, ենթակա ստորաբաժանումների պետերն ու նրանց տեղակալները։

Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում մարզում օպերատիվ-իրավիճակը, արձանագրված դեպքերն ու պատահարները։

Ամփոփելով անցած տարին՝ Արամ Հովհաննիսյանը նշել է, որ դրական արդյունքներն առավել տեսանելի կլինեն միայն այն դեպքում, երբ համակարգի յուրաքանչյուր ծառայող դրսևորի բացառիկ պատասխանատվություն և օրինակելի վարք:

Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը խորհրդակցության ավարտին տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

Այնուհետև շրջայց է կատարվել ոստիկանության Արմավիր մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում: Արամ Հովհաննիսյանը հետևել է աշխատանքի ընթացքին, ծանոթացել առկա խնդիրներին։

  • Կիսվել: