շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ոստիկանական վայրագությունները քաղաքացիների «գլխին ջարդելու» համար ձևավորվել է 104 քննիչից կազմված քննչական խումբ. Մելիքյան

Ոստիկանական վայրագությունները քաղաքացիների «գլխին ջարդելու» համար ձևավորվել է 104 քննիչից կազմված քննչական խումբ. Մելիքյան

Հունիսի 3-ի ոստիկանական վայրագությունները արժանապատիվ քաղաքացիների «գլխին ջարդելու», մասնավորապես՝ նրանց կողմից ոստիկաններին «քարերով ու երկաթյա ձողերով» իբր հարվածելու միֆ հորինելու համար ձևավորվել է 104 քննիչից կազմված քննչական խումբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Հունիսի 3-ի ոստիկանական վայրագությունները արժանապատիվ քաղաքացիների «գլխին ջարդելու», մասնավորապես՝ նրանց կողմից ոստիկաններին «քարերով ու երկաթյա ձողերով» իբր հարվածելու միֆ հորինելու համար ձևավորվել է… ուշադիր -
104 քննիչից կազմված քննչական խումբ:

Վերջին անգամ նման մեծ խումբ ձևավորվել էր 451 թվին՝ Ավարայրի ճակատամարտի հանգամանքները պարզելու նպատակով»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հունիսի 3-ին նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն է Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայացել նիստին եւ տապալել այն:

Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել են Կառավարության շենք եւ շրջափակել բոլոր մուտքերը:

Մոտ երեք ժամ անց շարժման անդամները բացեցին Կառավարության բոլոր մուտքերը եւ շարժվեցին դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ, ըստ Իշխան Սաղաթելյանի, գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։

«Եկել ենք այստեղ մեկ պահանջով՝ դուրս արի եւ պատասխանիր ժողովրդի հարցերին։ Եթե ռիսկ չես անում դուրս գաս, ասա քեզ հարմար տեղ ու ժամ։ Դու պետք է պատասխանես այս հարցերին։ Եթե ոչ, րոպե առաջ պետք է հեռանաս։ Այսպես փախնելով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ»,- առանձնատան դիմաց հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Երբ ցուցարարները ցանկանում էին շարժվել դեպի Ազգային ժողով, ոստիկանները, ըստ Սաղաթելյանի, դիմեցին սադրանքների, նրանց եւ ցուցարարների միջեւ սկսվեց բախում։ Ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին, կան բերման ենթարկվածներ ու տուժածներ:

  • Կիսվել: