կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Նուբարաշեն», «Հրազդան», «Գորիս» ՔՀԿ-ները կլուծարվեն

«Նուբարաշեն», «Հրազդան», «Գորիս» ՔՀԿ-ները կլուծարվեն

Երեւան քաղաքի Սիլիկյան թաղամասում մոտ 10 հա հողատարածքի վրա կառուցվելու է միջազգային չափորոշիչներին համապատասխանող քրեակատարողական նոր հիմնարկ, որն ունենալու է առանձին ստացիոնար հիվանդանոց։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը։

Քրեակատարողական ծառայության պետը հայտնեց, որ «Նուբարաշեն» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները պետք է լուծարվեն․

««Երեւան-Կենտրոն» հիմնարկը նախատեսված է ԱԱԾ-ի վարչական շենքից տեղափոխել նախկին «Էրեբունի» ՔԿՀ, որ ԱԱԾ վարչական շենքի հետ կապված բոլոր շահարկումները չեղարկվեն։

«Հրազդան» ՔԿՀ-ն նույնպես նախատեսվում է լուծարել, փոխարենը մոտ 7 հա վրա տեղակայված «Սեւան» ՔԿՀ-ի հարեւանությամբ «Հրազդան» ՔԿՀ-ի լրակազմով կառուցել նոր ժամանակակից պահանջներին համապատասխանող ՔԿՀ՝ փակ եւ կիսափակ ռեժիմներով։

«Գորիս» ՔԿՀ-ն նույնպես նախատեսված է լուծարել, Խնձորեսկում նախատեսված է նոր ՔԿՀ կառուցել։ «Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված է կառուցել տեղամաս, որը կապահովի կիսաբաց ռեժիմային պայմաններ։ «Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված է կառուցել ժամանակակից օդափոխության եւ ջեռուցման համակարգ, ինչը չէր կատարվել։


«Արմավիր» ՔԿՀ-ում 10 երկարատեւ տեսակցության սենյակներից 2-ն էին նորմալ կահավորված, հանձնարական տվեցի բոլոր սենյակները բերել նույն վիճակի, մինչեւ նոր տարի նախատեսվում է իրականացնել կահավորում։ «Աբովյան» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում ավարտին են մոտենում ջրահեռացման աշխատանքները եւ սանհանգույցների վերանորոգումը։ «Հրազդան» եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում ընթանում է կոյուղու հիմնանորոգման աշխատանքներ»։

  • Կիսվել: