երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Նշվածը խնդրահարույց է մարդու իրավունքների տեսանկյունից․ ՄԻՊ

Նշվածը խնդրահարույց է մարդու իրավունքների տեսանկյունից․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում փորձաքննության է ենթարկվել «Կամավոր բժշկական ամլացում իրականացնելու կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը շրջանառության մեջ է դրվել Առողջապահության նախարարության կողմից։
 
Առավել մտահոգիչ են նախագծի այն կարգավորումները, որոնք նախատեսում են կամավոր բժշկական ամլացման հնարավորություն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց համար, իսկ բժշկական ցուցման դեպքում՝ դատարանի որոշմամբ:
 
Նկատի ունենալով, որ Հայաստանում գործող անգործունակության համակարգի պայմաններում գործնականում անհնար է ապահովել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի լիարժեք իրազեկված համաձայնությունը, ինչպես նաև դատական կարգով արդյունավետ բողոքարկման իրավունքը, առաջարկվել է հրաժարվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց մասով առաջարկվող կարգավորումներից։
 
Նշվածը հատկապես մտահոգիչ է, երբ խոսքը բժշկական այնպիսի միջամտության մասին է, որը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ անձի վերարտադրողական առողջության վրա։
 
Նշվածը խնդրահարույց է մարդու իրավունքների տեսանկյունից, հակասում է ինչպես միջազգային իրավական ակտերին, ՄԻԵԴ նախադեպային իրավունքին, այնպես էլ ներպետական օրենսդրությանն ու Սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշմանը։
 
Փորձաքննության արդյունքում վերհանվել են նաև կարգավորման անորոշություններ ամլացման վերաբերյալ անձանց պատշաճ, ամբողջական, մատչելի և հասանելի տեղեկատվություն տրամադրելու բժշկական հաստատության պարտականության, նախագծով սահմանվող <առանձին դեպքերի>, դրանց հստակ իրավական հետևանքների և այլ հարցերի մասով։
 
Նախագիծը գտնվում է լրամշակման փուլում, և հույս ունեմ, որ իրավասու նախարարությունը կվերանայի այն բարձրացված խնդիրները լուծելու համար։
 
Հայտնում եմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի լիակատար պատրաստակամությունը ՝ նախագծի լրամշակման աշխատանքներին ներգրավելու վերաբերյալ։
 
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
 
Քրիստիննե Գրիգորյան

  • Կիսվել: