շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նոր Նորքի թաղապետարանի պատուհաններին կրակոցներ արձակողը հայտնի փաստաբանի որդի է. ոստիկանները հայտնաբերել են նրան

Նոր Նորքի թաղապետարանի պատուհաններին կրակոցներ արձակողը հայտնի փաստաբանի որդի է. ոստիկանները հայտնաբերել են նրան

SHAMSHYAN.com-ը փետրվարի 20-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել կրակոցների փաստով, երբ կրակոցներ էին արձակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ՝ վնասելով պատուհանները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նշված արարքը կատարելու համար ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ում տեղափոխել են Ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն տեղափոխվածը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի տղա է։

Պարզվել է նաև, որ նա ոչ միայն կրակոցներ է արձակել թաղապետարանի պատուհանների ուղղությամբ, այլ նաև թաղապետարանի հերևանությամբ գտնվող երաժշտական դպրոցի պատուհանների ուղղությամբ։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին փաստաբանի և նրա՝ կրակոցներ արձակած որդու տվյալները չենք հրապարակում։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը,  փետրվարի 20-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են արձակել: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը: Տեղում էր նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը:  Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ:  

Արդեն տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել էին, որ թաղապետարանի շենքի 2-րդ հարկի եվրոպատուհանների վրա կա կրակոցի մոտ 7 հետք:

Ոստիկանությունը ձեռնարկում էր անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկանները թաղապետարանի բակում հայտնաբերել էին նաև Nissan մակնիշի ավտոմեքենա, որի հետևի ապակու վրա նույնպես առկա էին կրակոցի հետք:  

  • Կիսվել: