չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՆԳՆ փրկարար ծառայությունը շարունակում է ուսուցողական դասընթացները հանրապետության կրթական հաստատություններում

ՆԳՆ փրկարար ծառայությունը շարունակում է ուսուցողական դասընթացները հանրապետության կրթական հաստատություններում

ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն ծառայության ենթակա ստորաբաժանումների ծառայողները հանարապետության բոլոր ուսումնական հաստատություններում կազմակերպում և անց են կացնում ուսուցողական դասընթացներ, սեմինարներ, ճանաչողական այցեր։

 

Դասընթացների և ճանաչողական այցերի նպատակն աղետակայուն միջավայր ձևավորելն է, որը հնարավորություն կտա տեսական գիտելիքների միջոցով ներկայացնել տարբեր իրավիճակներում վարվելակերպի կանոնները, ինչպես նաև գործնական հմտությունների ձևավորման միջոցով բարձրացնել վերջիններիս պատրաստվածությունը և դիմակայունությունը։

 

Դասընթացներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով աշխատանքներին նաև ներգրավվել են ՆԳՆ ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները։

2024 թվականի հունվար ամսվա ընթացքում Երևան քաղաքի, ինչպես նաև հանրապետության բոլոր մարզերի շուրջ 263 հանրակրթական ուսումնական հաստատություններում անցկացվել են նմանօրինակ դասընթացներ, հանդիպում-զրույցներ, սեմինարներ։

Միջոցառումների ընթացքում, կարևորելով ոլորտի առանձնահատկությունները, աշակերտներին ներկայացվել են մի շարք ուսուցողական թեմաներ, մասնավորապես՝ «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոններ», «Հրդեհային անվտանգության կանոններ», «Հրդեհաշիջման առաջնային միջոցների գործածում», «Բնակչության տարհանման կազմակերպում» և այլ թեմաներ։

Դասընթացների շրջանակներում ՆԳՆ ծառայողները պատասխանել են մասնակիցներին հետաքրքրող հարցերին, կիսվել իրենց փորձով, տվել մասնագիտական խորհուրդներ՝ արտակարգ իրավիճակներում վարվելակերպի, հրդեհային կանոնների, ինչպես նաև առաջին օգնության վերաբերյալ:

Ուսուցողական միջոցառումները կրելու են շարունակական բնույթ:

  • Կիսվել: