երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՆԳՆ հենասյունային բարեփոխումների շրջանակում 2023 թ. ձևավորվել է նաև Ջրային պարեկային ծառայությունը

ՆԳՆ հենասյունային բարեփոխումների շրջանակում 2023 թ. ձևավորվել է նաև Ջրային պարեկային ծառայությունը

Դեկտեմբերի 9-ից Սևանա լճում և ափամերձ տարածքներում մեկնարկել է Ջրային պարեկային ծառայությունը։

Անվտանգ ու ապահով Սևանա լիճ ունենալու տեսլականի իրականացման ճանապարհին նոր ստորաբաժանման գործարկման առաջին իսկ օրվանից ծառայության դրական արդյունքները սպասեցնել չտվեցին. ջրային պարեկներն արդեն իսկ բացահայտել են ոչ միայն ապօրինի ձկնորսության, այլև տարբեր հանցագործությունների դեպքեր, նաև արձանագրել են վարչական իրավախախտումներ։

Ջրային ստորաբաժանման ձևավորմանը նախորդել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ։ Նախ, որպես պարեկային ծառայության զարգացման նոր ուղղություն, մշակվել էր Ջրային պարեկային ծառայության ներդրման հայեցակարգը։ Հաջորդիվ անցկացվել են Ջրային պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու համար մրցույթներ ու ստուգարքներ։ Դրան հաջորդել է ՆԳՆ կրթահամալիրում պարեկների վերապատրաստման գործընթացը, ինչի շրջանակում նրանք տեսական ու գործնական պարապմունքների ընթացքում ծանոթացել են օրենսդրությանն ու իրավակարգավորումներին, նաև անցել են ֆիզիկական, կրակային պարապմունքներ, զարգացրել նավավարման, առաջին օգնության ցուցաբերման և շատ այլ հմտություններ։

ՀՀ կառավարության կողմից Ջրային պարեկային ծառայությունը համալրվել է նավերով, սկուտերներով, ռադիոկապի միջոցներով, ջրային տեխնիկայի տեղափոխման համար նախատեսված ծառայողական ամենագնացներով, նաև կառուցվել և կահավորվել են մոդուլային շենքեր։

Ջրային և ցամաքային վարժանքներից ստացած գիտելիքների ու կարողությունների կիրառման պրակտիկան ապահովել են Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության տրամադրած և Երևան տեղափոխված նավերը։ Իսկ ուսումնական գործընթացի և մոդուլների մշակման, այդ թվում՝ Սևանա լճում դասընթացների անցկացման հարցում իրենց պրոֆեսիոնալիզմը ներդրել են ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ICITAP ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ից ժամանած հրահանգիչները։

Եվ այսպես, ՆԳ նախարարության հենասյունային բարեփոխումների շրջանակում 2023 թվականին կազմավորվեց նաև Ջրային պարեկային ծառայությունը, որն արդեն բարձր պատասխանատվությամբ իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացնելով հասարակական անվտանգության ապահովման և հանցագործությունների բացահայտման աշխատանքներ։

  • Կիսվել: