երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նարեկ Սարգսյանը կազմակերպել ու ղեկավարել է «Օպերա» ակումբի վարձակալի առևանգումը. մանրամասներ

Նարեկ Սարգսյանը կազմակերպել ու ղեկավարել է «Օպերա» ակումբի վարձակալի առևանգումը. մանրամասներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ շարունակվում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանի նախկին թիկնապահները համարվող Սամվել Ս.-ի, Հարություն Ա.-ի և Հովհաննես Դ.-ի գործի դատական քննությունը: Այդ գործի հետ անմիջականորեն կապված է նաև Նարեկ Սարգսյանի՝ որպես հանցավոր արարքը կազմակերպողի ու ղեկավարողի անունը, գրում է 1in.am-ը։

Ըստ մեղադրանքի՝ մի խումբ անձինք նախանական համաձայնությամբ, անձի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով, բացահայտ եղանակով կատարել են անձի առևանգում:

Սամվել Ս.-ին ու Հովհաննես Դ.-ին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, իսկ Հարություն Ա.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ըստ մեղադրանքի՝ «Նարեկ Սարգսյանը միտում է ունենեցել  առավել շահույթ ստանալու նպատակով Երևանում մենաշնորհային կարգով վերահսկել «իրանական» ժամանցային ակումբների գործունեությունը»:

Իմանալով 49-ամյա Ա. Կ.-ի  կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար «Օպերա» ժամանցային ակումբը վարձակալելու մտադրության մասին, նրան այդ ակումբից «հրաժարեցնելու» համար Նարեկ Սարգսյանն իր «անվտանգությունն ապահովող անձանց»՝ թիկնապահներին ներգրավելով՝ շահադիտական նպատակով կազմակերպել ու ղեկավարել է Ա. Կ.-ի առևանգումը:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի օգոստոսի 15-ին թիկնապահները Նարեկ Սարգսյանի ղեկավարմամբ ձեռնամուխ են եղել Ա. Կ.-ի առևանգմանը:

Ժամը15-ի սահմաններում Հարությունը, Հովհաննեսն ու Արտեմ Պ.-ն մոտեցել են Երևանի Նալբանդյան փողոցում գործող «Կոֆիսթորի» սրճարանի դիմացի հատվածին:

Հարությունն ու Հովհաննեսը Ա. Կ.-ին բացահայտ առևանգել են՝ նրա  կամքին հակառակ  և  բռնություն գործադրելով:

Առևանգված Ա. Կ.-ին տեղափոխել ու ժամանակավորապես պահել են նույն սրճարանի հարևանությամբ գտնվող, Նարեկ Սարգսյանին պատկանող՝ Թումանյան փողոցի շենքերից մեկի նկուղում: Նախնական համաձայնությամբ արդեն այնտեղ է եղել Սամվել Ս.-ն: Վերջինս առևանգված տղամարդուն վախեցնելու, նրա հնարավոր դիմադրությունը ճնշելու նպատակով, նրան ներս բերելուն պես իր մոտ եղած ատրճանակը ցուցադրաբար բերել է մարտական վիճակի և սպառնացել է Նարեկ Սարգսյանի գալուց հետո իրականացնել բռնի գործողություններ:

Ըստ մեղադրանքի՝ «կարճ ժամանակ անց այդ նկուղ է եկել հանցագործության կազմակերպիչ Նարեկ Սարգսյանը, ինչից հետո Սամվելն ու Հովհաննեսը ծեծել են Ա. Կ.-ին: Նարեկ Սարգսյանն իր մոտ եղած ատրճանակը պահել է Ա. Կ.-ի ոտքերի ուղղությամբ, պահանջել է հրաժարվել «Օպերա» ակումբը վարձակալելու մտադրությունից, հակառակ դեպքում սպառնացել է կրակել նրա ուղղությամբ… Մտածելով, որ Ա. Կ.-ն չի ցանկանում ենթարկվել ներկայացված պահանջին՝ Հովհաննեսն ու Սամվելը բռնել են առևանգվածի ձեռքերը, իսկ Նարեկ Սարգսյանն առանց խոչընդոտի գազայրիչի բաց կրակով այրել է Ա. Կ.-ի աջ բազկի, արմնկահոդի և սրունքի շրջանները՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով»:

Նարեկ Սարգսյանը Հովհաննեսի, Սամվելի ու Հարությունի հետ ամբաստանյալի նույն աթոռին չէ, որովհետև որոշակի ժամանակ եղել է միջազգային հետախուզման մեջ, այդ ընթացքում գործի նրա մասն առանձնացվել է առանձին վարույթում:

37-ամյա Նարեկ Սարգսյանը մեղադրվում է նաև զենք-զինամթերքի ապօրինի պահելու, թմրանյութերի ապօրինի շրջանառության համար:

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանին ձերբակալել են Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում: Փաստաթղթերի ստուգման ժամանակ նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես էկզոտիկ անունով:

2018 թվականի դեկտեմբերի 28-ին Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին հարցումը հայաստանյան իրավապահների կողմից ուղարկվել է Պրահա:

Պրահայի քաղաքային դատարանը Նարեկ Սարգսյանին արտահանձնելու  որոշում է կայացրել:

2019 թվականի դեկտեմբերի 21-ին նա ոստիկանական ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստան:

Հայաստանյան դատարանը բավարարել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը վերահաստատելու մասին միջնորդությունը, այնուհետև նաև երկարացրել է կալանավորման ժամկետը:

Նարեկ Սարգսյանն ունի առողջական խնդիրներ, բուժում ստանում է արգելանքի տակ գտնվելու պայմաններում:

Նրա մասով գործի նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: