Նարեկ Սամսոնյանն Ամանորն անցկացնելու է կալանավայրում. Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Վերաքննիչ դատարանից տեղեկացել է այն մասին, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Մասիս Մելքոնյանի որոշումը չի բեկանվել։
Նա հավելել է, որ իրեն մնում է փաստել՝ Սամսոնյանը Ամանորն անցկացնելու է կալանավայրում:
Նշենք, որ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը կալանավորվել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման վրա:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)»:



