երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նախորդ տարվա 11 ամիսներին ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը աճել է 52-ով

Նախորդ տարվա 11 ամիսներին ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը աճել է 52-ով

Ոստիկանությունը խնդրահարույց է համարում ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճը և նախատեսում է այս ուղղությամբ կանխարգելիր քայլեր ձեռնարկել։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը։

«2023 թվականի 11 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է 4368 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 362 և մարմնական վնասվածք ստացել 6200 անձ։ Պատահարների քանակը աճել է 258-ով, զոհերի թիվը 52-ով, իսկ վիրավորների՝ 340-ով»,- նշեց Հովհաննիսյանը;

Ոստիկանության պետի կարծիքով՝ պատահարների քանակական աճը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ պարեկային ծառայությունը միայն 2023 թվականի վերջին գործեց Հանրապետության ողջ տարածքում։

«Մեր ակնկալիքներն այնպիսին են, որ ծառայության ամբողջական ներդրումը տալու է արդյունքներ։

Նշեմ, որ ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման երկարաժամկետ և կայուն գործընթաց ապահովելու նպատակով ձեռնարկվում է տարաբնույթ համակարգային և ինստիտուցիոնալ լուծումներ, hատկապես մայրուղիները ժամանակակից տեսանկարահանող տեխնիկական միջոցներով վերազինելու և ռիսկային վայրերն այդ համակարգերով կահավորելու ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը։

Ոստիկանության պետը նաև տեղեկացրեց, որ 2024 թվականը ոստիկանության համար հայտարարվել է թմրամիջոցների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման տարի՝ հաշվի առնելով այդ ուղղությամբ մարտահրավերները և դրանց հասարակական վտանգավորության աստիճանը։

  • Կիսվել: