կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Մտահոգիչ իրողություն». ՔԿ խոսնակը՝ սպանությունների մասին

«Մտահոգիչ իրողություն». ՔԿ խոսնակը՝ սպանությունների մասին

ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում ՛՛Մտահոգիչ իրողություն՛՛ խորագրով գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև.

՛՛Այս երկու օրերի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն երեք հաղորդագրություն է հրապարակել նախորդ տարվա ընթացքում կատարված երեք սպանությունների բացահայտման, և մեղադրական եզրակացություններով վարույթները դատարան ուղարկելու վերաբերյալ։ Դրանցից երկուսով սպանության զոհերը երիտասարդներ էին՝ 20 և 31 տարեկան, մյուսը՝ 51 տարեկան։

Երեք դեպքում էլ սպանությունների հիմքում, ըստ էության, ընկած է եղել միմյանց հասցեին հնչեցված հայհոյանքն ու վիրավորանքը։

Այս պահին էլ Կոմիտեում քննվում են կենցաղային ու միջանձնային բնույթ կրող սպանության, սպանության փորձերի, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու հետ կապված բազմաթիվ դեպքեր, որոնց հիմքում կրկին հայհոյանքն է ու վիրավորանքը։

Փաստացի այսօր գործ ունենք մի իրականության հետ, որտեղ թե՛ հանրային և թե՛ մասնավոր տարածքում, ատելության խոսքի գեներացումը շոշափելի կերպով ազդում է ոչ միայն մեր կյանքի որակի, այլ նաև հանցավորության վիճակի վրա։

Չպետք է թույլ տալ, որ այս մաղձը, խոսույթը, այս հակամշակույթը՝ իր հանցածին էությամբ, վերածվի մեր հանրային ու մասնավոր կյանքը կառավարող, մեր միջավայրը թունավորող որոշիչ գործոնի։

Իրար հետ հաղորդակցվելուց առաջ պետք է մտածել ոչ թե դիմացինին խոցելով, ցավեցնելով պահի ազդեցությամբ սեփական էմոցիաներին կամ չբավարարված էգոյին հագուրդ տալու, այլ այդ խոսքի հնարավոր հետևանքների մասին, որոնք կարող են անդառնալի լինել ինչպես հենց մեզ համար, այնպես էլ՝ մեզ հարազատ, մեզ շրջապատող մարդկանց՛՛։

  • Կիսվել: