երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՄԻՊ-ը հրապարակել է 2018-19-ին ՍԴ ներկայացված իր հատուկ դիրքորոշումների ժողովածուն

ՄԻՊ-ը հրապարակել է 2018-19-ին ՍԴ ներկայացված իր հատուկ դիրքորոշումների ժողովածուն

Մարդու իրավունքների պաշտպանն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, հրապարակել է 2018-2019 թվականներին Սահմանադրական դատարան ներկայացված իր հատուկ դիրքորոշումների ժողովածուն: Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի լրատվական ծառայությունից։

Սահմանադրական դատարան հատուկ դիրքորոշումներ ներկայացնելու պրակտիկան ներդրվել է 2016 թվականից սկսած։ Հատուկ դիրքորոշումներում ներառվում են Պաշտպանի կողմից անհատական բողոքների քննարկման, ինչպես նաև մշտադիտարկման արդյունքում իրավունքների և ազատությունների վերաբերյալ իրականացված վերլուծությունները, կոնկրետ հարցի սահմանադրականության մասին միջազգային սկզբունքներ և չափանիշներ:

Ժողովածուում տեղ գտած դիրքորոշումները վերաբերում են գրավի՝ որպես կալանքին այլընտրանքային խափանման միջոցի կարգավորումներին, դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերի որոշակիությանը և որոշումների բողոքարկման ընթացակարգերին, աշխատանքի էական պայմանների փոփոխմանը՝ որպես աշխատանքային պայմանագրի լուծման հիմք և այլն։

Հիշեցնենք, որ նախորդ տարի հրապարակվել է «2017-2018 թվականներին ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ դիրքորոշումների սեղմագիր», որը ներառել է 2017 թվականին Սահմանադրական դատարան ներկայացված բոլոր, ինչպես նաև 2018 թվականի հատուկ դիրքորոշումների մի մասը:

  • Կիսվել: