երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՄԻՊ-ն ընդգծել է ԵԽ ՄԻ հանձնակատարի հրապարակված դիտարկումների կարևորությունը

ՄԻՊ-ն ընդգծել է ԵԽ ՄԻ հանձնակատարի հրապարակված դիտարկումների կարևորությունը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ դեկտեմբերի 12-ին հրապարակված դիտարկումների կարևորությունը, որտեղ մասնավորապես ներկայացվել են 2023-ի հոկտեմբերի 16-23-ն իրականացրած այցի ժամանակ Հանձնակատարի արձանագրումները։

https://www.coe.int/en/web/commissioner/-/armenia-and-azerbaijan-effective-human-rights-protection-of-all-persons-affected-by-the-conflict-over-the-karabakh-region-is-key-to-the-success-of-the-peace-process

Դունյա Միյատովիչը նշել է, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ԵԽ Հանձնակատարին  ծանոթացրել է

տեղահանվածների հաշվառման վայրերում 2023 թվականի սեպտեմբերի 24-ից 30-ն իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ նախնական զեկույցին և այլ հրապարակումներին։

Հանձնակատարը նաև անդրադարձել է Պաշտպանի զեկույցում նկարագրված բռնությունների, խոշտանգումների և անդամախեղումների հնարավոր դեպքերին:

«Տարբեր հարցազրույցների, զեկույցների և լրատվամիջոցների մշտադիտարկումների արդյունքների միջոցով հավաքագրված տեղեկատվության հիման վրա, ի թիվս այլ դեպքերի, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է, սեպտեմբերի 19-20-ը քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքների, այդ թվում՝ բնակելի շենքերի, դպրոցների և շտապօգնության մեքենաների թիրախավորման դեպքերին։

Նա հայտնել է, որ խաղաղ բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցել է 40-ը, այդ թվում՝ 13 երեխա, մինչդեռ սեպտեմբերի 20-ի դրությամբ քաղաքացիական անձանց շրջանում գրանցվել է մահվան 10-ը հաստատված դեպք, այդ թվում՝ 5 երեխայի»,-նշել է Հանձնակատարը:

Հայտարարության մեջ

Միյատովիչը նշել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները խաղաղ բանակցություններում պետք է ապահովեն ուշադրության կենտրոնացումը մարդու իրավունքների պաշտպանության վրա և սահմանեն մարդու իրավունքների լուրջ երաշխիքներ հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար»:

Դունյա Միատովիչը նշել է, որ վախի և անորոշության զգացումը տեղի բնակչության շրջանում առավել ուժգնացել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին ադրբեջանական ռազմական գործողությունների հետևանքով։

Շրջափակմամբ պայմանավորված բարձր մակարդակի խոցելիության վիճակը և Լաչինի միջանցքի հանկարծակի բացումը 2023 թվականի սեպտեմբերին տեղի բնակչության մոտ առաջացրել են զգացողություն, որ իրենց գոյությունը պաշտպանելու համար նրանք չունեն այլ տարբերակ, քան անհապաղ տարածաշրջանը լքելը։

Ողջունելով  Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանածներին առաջին օգնություն տրամադրելու ուղղությամբ

ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող աշխատանքները՝ Հանձնակատարն ընդգծել է, որ Հայաստան տեղափոխված Լեռնային Ղարաբաղի հայերին և, մասնավորապես՝ խոցելի խմբերին պատկանողներին, պետք է երաշխավորվի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ աջակցության հասանելիություն:

Հաշվի առնելով վախի և անվստահության բարձր մակարդակը՝ կարևոր է, որպեսզի Ադրբեջանի իշխանություններն անվտանգության հստակ երաշխիքներ տրամադրեն ԼՂ այն հայերին, ովքեր ցանկանում են վերադառնալ  իրենց նախկին բնակության վայրերը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը խնդիրների լուծման ուղղությամբ շարունակում է միջազգային գործընկերներին ներկայացնել փաստահավաք աշխատանքների արդյունքները։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Միյատովիչը հայտարարել է. «ԼՂ հակամարտությունից բոլոր տուժածների իրավունքների պաշտպանությունը խաղաղ գործընթացի հաջողության բանալին է»:

 

  • Կիսվել: