չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՄԻՊ-ի աշխատակազմի համար կազմակերպվել է «Փաստահավաք առաքելության կարողությունների զարգացում» խորագրով աշխատաժողով

ՄԻՊ-ի աշխատակազմի համար կազմակերպվել է «Փաստահավաք առաքելության կարողությունների զարգացում» խորագրով աշխատաժողով

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար հունվարի 12-ին և 13-ին կազմակերպվել է «Փաստահավաք առաքելության կարողությունների զարգացում» խորագրով աշխատաժողով:

ՄԻՊ-ից հայտնում են, որ երկօրյա միջոցառման նպատակն էր զարգացնել Պաշտպանի աշխատակազմի՝ փաստահավաք աշխատանքներ իրականացնելու կարողությունները:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդես է եկել բացման խոսքով։

«Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ այս աշխատաժողովը վերաբերում է շատ առանցքային հարցի, այն է` փաստահավաք աշխատանքների իրականացման ճիշտ մեթոդաբանությանը։ Ես՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, չափազանց կարևորում եմ, որ մեր աշխատակազմն այս ոլորտում ունենա զարգացած կարողություններ և պատշաճ հմտություններ»,- ասել է Պաշտպան Անահիտ Մանասյանն իր բացման խոսքում:

Աշխատաժողովին որպես փորձագետներ ներգրավվել են իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, սոցիոլոգներ Ավետիք Մեջլումյանն ու Գոհար Խաչատրյանը և իրավաբան Սոնա Ազատյանը, որոնք ներկայացրել են փաստահավաք աշխատանքներ կատարելու վերաբերյալ ուղեցույցը և պատասխանել մասնակիցների հարցերին:

Միջոցառման շրջանակներում հատուկ անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից փաստահավաք աշխատանքների մեթոդաբանությանը, առանձնահատկություններին ու գործնական խնդիրներին:

Միջոցառման ինտերակտիվ հատվածում Պաշտպանի աշխատակազմը կատարել է առաջադրանքներ, հնարավորություն է տրվել մշակել փաստահավաք գործունեության նպատակներին համահունչ հետազոտական գործիքներ և ներկայացնել արդյունքները:

Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի կառույցների կողմից իրականացվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված նման միջոցառումները կրում են շարունակական բնույթ։

  • Կիսվել: