երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՄԻՊ-ի աջակցությամբ վերականգնվել է դատապարտյալի հաշմանդամության խումբը

ՄԻՊ-ի աջակցությամբ վերականգնվել է դատապարտյալի հաշմանդամության խումբը

Դատապարտյալի կինը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը՝ ամուսնուն «Դատապարտյալների հիվանդանոցում» հետազոտության ենթարկելու և հաշմանդամության խումբը վերականգնելու հարցում՝ տեղեկացնում են պաշտպանի մամուլի գրասենյակից:

Ըստ դիմողի՝ ամուսինը պատիժ է կրում փակ ուղղիչ հիմնարկում և ունի մի շարք առողջական խնդիրներ: Նախկինում ունեցել է նաև 2-րդ խմբի հաշմանդամություն: Առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված՝ դիմել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ հաշմանդամության խումբը վերականգնելու նպատակով, սակայն որևէ պատասխան չի ստացել:

Պաշտպանի աշխատակազմում սկսվել է գրավոր քննարկման ընթացակարգ: Բողոքում բարձրացված հարցերի կապակցությամբ գրություն է հասցեագրվել իրավասու պետական մարմիններին: Արդյունքում քաղաքացին տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, միաժամանակ բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու արդյունքում նրա նկատմամբ սահմանվել է երկրորդ խմբի հաշմանդամություն:

  • Կիսվել: