երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Միջնորդելու եմ հրատապ դատական նիստ հրավիրելու և Չարչյանին գրավով ազատ արձակելու հարցը քննարկելու մասին. փաստաբան

Միջնորդելու եմ հրատապ դատական նիստ հրավիրելու և Չարչյանին գրավով ազատ արձակելու հարցը քննարկելու մասին. փաստաբան

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ մամուլում արդեն իսկ հրապարկվել է այն տեղեկատվությունը, որ Արմեն Չարչյանը գտնվում է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, այսօր ստացել եմ վերջինիս թույլտվությունը՝ ներկայացնելու մանրամասներ նշվածի կապակցությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՞

՛՛Ուրեմն ցանկանում եմ տեղեկացնել, որ պրոֆեսորը հետկրծոսկրային շրջանի սեղմող բնույթի ցավերի պատճառով 2021 թվականի օգոստոսի 24-ին տեղափոխվել է հիվանդանոց և նրա նկատմամբ կատարվել են բազմաթիվ բժշկական միջամտություններ։ Ավելին՝ հենց 24․08․2021 թվականին պրոֆեսորը տարել է սրտամկանի սուր ինֆարկտ, որը զարգացել է դեռ քրեակատարողական հիմնարկում։ Բացի այդ, Ա․Չարչյանի մոտ ախտորոշվել է նաև զարկերակային հիպերտոնիա III աստիճանի /կրիզային ընթացք/։ Սրտային անբավարարություն II ֆԴ։ Ծանր շաքարային դիաբետ տիպ 2՝ ինսուլին կախյալ։ Խրոնիկ երիկամային անբավարարություն։

Հարգելի հայրենակիցներ, ինչպես նկատեցիք ներկա պահին պրոֆեսորի առողջական վիճակը գտնվում է վատ վիճակում։ Այսօր ստացել եմ համապատասխան էպիկրիզը, որը մուտքագրելու եմ վաղը առավոտյան դատարան և ևս մեկ անգամ միջնորդելու եմ հրատապ դատական նիստ հրավիրելու և պրոֆեսորին գրավով ազատ արձակելու հարցը քննարկելու մասին, քանզի Ա․Չարչյանին նման պայմաններում կալանքի տակ պահելը չի բխում անձանական ազատության իրավունքի բուն էությունից և իր մեջ պարունակում է խոշտանգման տարրեր՛՛,-նշել է նա:

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը հոդվածով: 

  • Կիսվել: