ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՄԻԵԴ-ը վերահաստատել է Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության համար կիրառված միջանկյալ միջոցը

ՄԻԵԴ-ը վերահաստատել է Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության համար կիրառված միջանկյալ միջոցը

Հայաստաի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության իրավունքների պաշտպանության համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջի հիման վրա սույն թվականի օգոստոսի 19-ին ՄԻԵԴ-ը վերահաստատել է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված եւ նույն թվականի նոյեմբերի 3-ին առավել ընդլայնած միջանկյալ միջոցը՝ նշելով, որ այն շարունակում է ուժի մեջ մնալ:

ՄԻԵԴ-ը կողմերին հրավիրել է ձեռնպահ մնալ այնպիսի գործողույթուններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների խախտմանը, այդ թվում նրանց՝ Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 8-րդ հոդվածներով պաշտպանվող իրավունքները վտանգի տակ դնելուց:

ՄԻԵԴ-ը նաեւ արձանագրել է, որ ՀՀ կառավարության վկայակոչած իրադարձությունների, այն է՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ իրականացվող զինված հարձակումներ, Բերձոր եւ Աղավնո համայնքների բնակչության տեղահանման սպառնալիքներ, նկատմամբ կիրառելի է 2020 թվականի սեպտեմբերի 29-ի կայացված եւ մինչ օրս ուժի մեջ գտնվող որոշումը:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա 2020 թվականի սեպտեմբերի 29-ին որոշում է կայացրել այն կիրառել։

Մասնավորապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել Կոնվենցիայի լրջագույն խախտումների, ՄԻԵԴ-ը 7 դատավորից կազմված Պալատի կազմով որոշել է կիրառել Դատարանի կանոնների 39-րդ կանոնը։

Նման խախտումներ կանխելու համար, ինչպես նաև 39-րդ կանոնի համաձայն՝ ՄԻԵԴ-ը կոչ է անում և Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։

ՄԻԵԴ-ը նաև կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել իրենց կոնվենցիոն պարտավորությունները, հատկապես Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելք) հոդվածների առումով։ Երկու Բարձր պայմանավորվող կողմերն էլ, հնարավորինս սեղմ ժամկետում, իրենց պարտավորությունների կատարման մասին տեղեկություն պետք է ներկայացնեն Եվրոպական դատարան։

  • Կիսվել: