ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մեծ քայլ է կատարվում էլեկտրոնային դատարանի ստեղծման և գործարկման ուղղությամբ. Արա Մկրտչյան

Մեծ քայլ է կատարվում էլեկտրոնային դատարանի ստեղծման և գործարկման ուղղությամբ. Արա Մկրտչյան

Խորհրդարանը քննարկում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Նախագծի նպատակն է իրավական կարգավորումներ սահմանել, համապատասխանեցնել դրանք էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրմանը: Նախագծերի ընդունման արդյունքում հնարավոր կլինի էլեկտրոնային համակարգի միջոցով կազմել և ներկայացնել բոլոր դատավարական փաստաթղթերը՝ հայցադիմում, դիմում, բողոք, պատասխան, դիրքորոշում, միջնորդություն և այլն, բացառությամբ պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների: Ներդրվում է «էլեկտրոնային եղանակով վարվող գործ» հասկացությունը, որը ներառելու է բոլոր այն փաստաթղթերը, որոնք ձևավորվելու են կամ ներկայացվել են համակարգի միջոցով, ինչպես նաև համակարգից դուրս ստեղծված կամ ներկայացված նյութերի սքանավորված տարբերակները՝ ներբեռնման եղանակով:

Նախագծով իրավաբանական անձինք, ձեռնարկատերերը, պետական և ՏԻՄ մարմինները, փաստաբանները, սնանկության գործով կառավարիչները, նոտարները, արտոնագրված հաշտարարները համարվելու են համակարգը պարտադիր օգտագործող անձ, այսինքն՝ նրանք դատավարությանը ի սկզբանե մասնակցելու են միայն էլեկտրոնային համակարգով: Բացառություն է նախատեսվում միայն ֆիզիկական անձանց համար: Այս մասին նախագծերի փաթեթը ներկայացնելիս ասաց արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:

«Պետական տուրքը վճարվելու է միայն համակարգի միջոցով, իրեղեն ապացույցների ներկայացման համար համակարգում ներբեռնվելու է դրանց լուսանկարը կամ տեսագրությունը, որից հետո եթե դատարանը պահանջի, ապացույցները կարող են ներկայացվել նաև ֆիզիկապես: Դատավարական փաստաթղթերը համարվելու են ստորագրված, իսկ դատարանի կողմից՝ նաև կնքված, եթե դրանք կազմվել կամ ներկայացվել են համակարգի միջոցով և վավերացվել էլեկտրոնային ստորագրությամբ»,- ասաց նախարարի տեղակալը՝ ընդգծելով՝ մեծ քայլ է կատարվում էլեկտրոնային դատարանի ստեղծման և գործարկման ուղղությամբ:

Նա հորդորեց նախագիծն արժանացնել հավանության:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը հարց ուղղեց համակարգի անվտանգության վերաբերյալ: Հարցին՝ արդյո՞ք դա ռիսկեր չի պարունակում, Մկրտչյանը պատասխանեց՝ համակարգը ստեղծվել և կազմվել է ներկայումս գործող ստանդարտներին համապատասխան, ստուգվել անկախ աուդիտորական ընկերության կողմից:

«Մեր մասնագետները պնդում են, որ ամեն ինչ նորմալ է անվտանգության տեսակետից»,- պարզաբանեց նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ առաջին փուլով գործարկվելու է քաղաքացիական դատավարությունը, ընթացքի մեջ է վարչական դատավարությունը, իսկ հաջորդ քայլը քրեական դատավարության թվայնացումն է:

«Նախատեսվում է ստեղծել արդարադատության ոլորտին վերաբերելի բոլոր էլեկտրոնային համակարգերի մեկ միասնական, որը լինելու է թվայնացման պրոցեսի ավարտուն և համապարփակ տեսքով հարթակ»,- նշեց Արա Մկրտչյանը: 

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի ճշտող հարցին՝ արդյոք այստեղ գործ ունենալո՞ւ ենք զգայուն տվյալների հետ, որոնք կարող են վերաբերել անձնական կյանքին, թե՞ դրանք ընթացակարգային, իրավական փաստաթղթեր են, պարզաբանեց՝ բնականաբար, առկա են լինելու նաև անձնական տվյալներ այդ էլեկտրոնային վարույթների ընթացքում, իսկ դրանց ավտանգությունն ապահովված է գործող ստանդարտներով:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին՝ արդյոք դատավարության մասնակից օտարերկրացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնք գտնվում են այլ երկրներում, կարո՞ղ են օգտվել այդ ծառայությունից, արդարադատության նախարարի տեղակալը պարզաբանեց՝ բոլոր այն ֆիզիկական անձինք, որոնք իրավասու են դիմել դատարան, կարող են օգտվել համակարգից:

  • Կիսվել: